Լիտվայի կրթության նախարարությունը կողմ է Վիլնյուսի որոշմանը՝ հրաժարվելու ռուսերենից՝ որպես երկրորդ օտար լեզու
Լիտվայի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը դրական է գնահատում Վիլնյուսի քաղաքապետարանի որոշումը՝ նոր ուսումնական տարում ռուսերենը հանելու այն լեզուների ցանկից, որոնք առաջարկվում են պետական դպրոցների աշակերտներին որպես երկրորդ օտար լեզու։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
«Քաղաքապետարանի որոշումը շատ դրական եմ գնահատում: Առկա է այն փաստը, որ մայրաքաղաքի ինքնակառավարումը հակված է լուրջ ներդրումների լեզուների ուսումնասիրության բնագավառում, որովհետև կան խոչընդոտներ ընտրության հարցում, այդ թվում՝ օտար լեզուների ուսուցիչների պակասի պատճառով», – ասել է կրթության նախարար Գինտաուտաս Յակշտասը «Ժինյու ռադիյաս» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Վիլնյուսի քաղաքապետարանը հունվարի 26-ին հայտարարել էր, որ սեպտեմբերից վեցերորդ դասարանցիներին այլևս չի առաջարկի սովորել ռուսերենը` որպես երկրորդ օտար լեզու։ Նրանց կառաջարկվի ընտրել ԵՄ անդամ երկրների լեզուներից որևիցե մեկը։
Անցած ուսումնական տարում այդ ընտրությունը հօգուտ ռուսերենի է կատարել դպրոցականների 70 %-ը, այս տարի՝ 50 %-ը։ Դպրոցականներն իրենց առաջին օտար լեզուն սովորում են տարրական դասարաններից, երկրորդը՝ վեցերորդ դասարանից։
Լիտվայում պետական հանրակրթական դպրոցների հարցերով զբաղվում են քաղաքապետարանները: