Շոլցը ԵՄ-ին կոչ է արել շտապ քննարկել Ուկրաինային ռազմական մատակարարումների ավելացումը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է շտապ սկսեն Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացման հարցի քննարկումը, քանի որ ներկայում պլանավորվածները բավարար չեն։ Այս մասին նա հայտնել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ:
«Մենք ակտիվորեն կզբաղվենք այն հարցով, թե ինչպես կարող ենք հետագայում կազմակերպել ռազմական օգնությունն Ուկրաինային: Այսօր այդ մասին որոշումներ չեն ընդունվի, բայց քննարկումը պետք է հրատապ սկսել, քանի որ մենք գիտենք, որ այն, ինչ պլանավորվել էր մինչ օրս, այն է՝ ռազմական օգնությունը բոլոր անդամ երկրներից, բավարար չէ», – Գերմանիայի կանցլերի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Օլաֆ Շոլցը հերթական անգամ ընդգծել է, որ Գերմանիային բաժին է ընկնում Ուկրաինային ցուցաբերվող եվրոպական օգնության զգալի մասը, և գոհունակություն է հայտնել Կիևին մատակարարումների ավելացման հարցերը ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում քննարկելու հնարավորության առնչությամբ։
Բացի այդ, Գերմանիայի կանցլերը վստահություն է հայտնել, որ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները կկարողանան համաձայնեցնել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի տնտեսական օգնության փաթեթը։
«Վերջին օրերի և շաբաթների ընթացքում մենք ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել, և իմ հաստատ համոզմունքն այն է, որ դա պետք է հնարավոր լինի», – ասել է Շոլցը:
Փետրվարի 1-ին անցկացվող գագաթնաժողովի ընթացքում ԵՄ երկրների ղեկավարները պետք է փորձեն Ուկրաինային օգնության տրամադրելու շուրջ համաձայնության հասնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, որը դեկտեմբերից արգելափակել է ԵՄ բյուջեից հատկացումներ անելու առաջարկը։