Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության արձագանքը Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին։
«Իսլամական համագործակցության կազմակերպության օմբուդսմենների ասոցիացիայի խորհրդի 10-րդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան իր ելույթում «անհանգստություն» է հայտնել մարդու իրավունքների և ազատությունների ապահովման ոլորտում առկա խնդիրների շուրջ։ Նա մասնավորապես մատնանշել է մարդկանց հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները և բռնի միգրացիայի աճը, որին զուգահեռ, ըստ Ս․ Ալիևայի, թուլացրել են ՄԱԿ-ի նախաձեռնությունները։ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, տեղին լինելով, այնուհանդերձ երկիմաստություններ են պարունակում։ Դժվար է մատնացույց անել մեկ այլ պետություն, որը չափազանց կարճ ժամկետում իրականացրած լինի մարդկանց հիմնարար իրավունքների այնքան կոպիտ խախտումներ, որքան Ադրբեջանը, դժվար է մատնացույց անել այնպիսի պետություն, որն օրերի ընթացքում իրականացրած լինի ավելի քան 100 հազար բնակչության էթնիկ զտում, ինչպես որ վարվեց Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ։
Հետևապես հարց է առաջանում՝ մարդկանց հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների և բռնի միգրացիայի աճի մասին խոսելիս արդյո՞ք Ադրբջանի մարդու իրավունքների պաշտպանը նկատի ունի սեփական կառավարության գործելաոճը այս առումներով, թե մենք կրկին գործ ունենք երեսպաշտ և մերկապարանոց հայտարարությունների հետ։ Այս հարցի պատասխանը իրեն սպասեցնել չի տալիս, քանի որ առավել զավեշտալի է պաշտպանի դիտարկումը շրջակա միջավայրի վրա օկուպացիայի և ռազմական հակամարտությունների բացասական ազդեցության մասին։ Եվ այս մասին բարձրաձայնում է մի երկրի օմբուդսմեն, որը 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառել է արգելված զինատեսակներ, այդ թվում՝ ֆոսֆորային զենք։
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը, խոսելով «ազատագրված տարածքներում կայուն բնակեցման և անվտանգ կեցության ապահովման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքների մասին» հմտորեն շրջանցում է Լեռնային Ղարաբաղի բնիկ էթնիկ հայության վերադարձի անօտարելի իրավունքի իրացման անհրաժեշտությունը՝ «լեգիտիմացնելով» Լեռնային Ղարաբաղի միակողմանի բնակեցման ադրբեջանական գործելակերպը:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ նստաշրջանի՝ Ադրբեջանում անցկացվելը Ս․ Ալիևան բնորոշում է որպես Ադրբեջանի նկատմամբ մեծ վստահության և հարգանքի վառ օրինակ այն պարագայում, երբ օրեր առաջ ԵԽԽՎ-ն չի վավերացրել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Մարդու իրավունքների պաշտպանը հավանաբար հարկ չի համարել նշել, որ իր ներկայացրած երկիրը պատրաստակամ է ժխտել, մերժել կառուցողականության ցանկացած առաջարկ, ոտնահարել միջազգային իրավունքի ցանկացած նորմ և ընտրանքային մոտեցում ցուցաբերելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները՝ դրանք համարելով «ադրբեջանական ընտրանքային իրավապաշտության» հերթական դրսևորում։ Նման կերպ Ադրբեջանը քայլ առ քայլ հեռանում է իրատեսության և ընկալելի լինելու սահմաններից՝ ինքնակամ վերածվելով ազգայնականությամբ տառապող քաղաքակրթական վտարանդու»։