Universal Music-ն իր միլիոնավոր երգերը կհեռացնի TikTok-ից
Universal Music Group (UMG) երաժշտական ընկերությունը կդադարեցնի իր բովանդակության լիցենզավորումը TikTok և TikTok Music ծառայություններին, քանի որ կողմերը չեն երկարաձգել պայմանագիրը։
Պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցություններում UMG-ն պնդում էր, որ TikTok սոցիալական հարթակը պետք է համապատասխան փոխհատուցում տրամադրի արտիստներին և երգահաններին։ Սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել, ինչը նշանակում է, որ հունվարի 31-ից՝ պայմանագրի ավարտվելու օրվանից, TikTok-ից կհեռացվեն միլիոնավոր երգեր։
Արտիստների և երգահանների համայնքին ուղղված նամակում UMG-ն մեղադրել է TikTok-ին այն բանում, որ սոցիալական հարթակը «փորձում է կառուցել երաժշտության վրա հիմնված բիզնես՝ առանց այդ երաժշտության համար համարժեք վճարելու»։ Ըստ UMG-ի՝ TikTok-ը երաժշտական ընկերության ընդարձակ կատալոգից օգտվելու համար առաջարկել է արտիստներին և երգահաններին վճարել ընդամենը մի «փոքրիկ բաժին» այն գումարի, որ վճարում են այլ սոցիալական հարթակները։
Reuters-ին տված մեկնաբանությունում TikTok-ն այս մեղադրանքներն անվանել է «կեղծ»՝ պնդելով, թե UMG-ի գործողությունները հակասում են արտիստների, երգահանների և երկրպագուների շահերին։
UMG-ն և TikTok-ը համաձայնություն էին կնքել 2021 թ․ փետրվարին, որի շրջանակներում հավելվածի օգտատերերին հնարավորություն էր տրվել իրենց տեսանյութերում ներառել տեսահոլովակներ UMG-ի երաժշտական կատալոգից։