«Աշոտիկի գործով» դատավորին հայտարարվեց նախազգուշացում. ԲԴԽ 3 դատավոր անդամ դեմ է քվեարկել որոշմանը

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարվել է նախազգուշացում:

Ըստ ԲԴԽ կայքի տարածած հաղորդագրության՝ դատավորը թույլ էր տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, չի հիմնավորել Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումից շեղվելը և մինչդատական վարույթն ավարտված լինելու և գործով վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից  ստանձնած լինելու պայմաններում բեկանել է Առաջին ատյանի դատարանի կայացրած ակտը՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխելով տնային կալանքով:

«Նշված խախտումներն իրենց հերթին հանգեցրել են Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնի խախտման»,- ասված էր Արդարադատության նախարարի միջնորդության մեջ:

Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը: Արշակ Վարդանյանը նաև ունի հատուկ կարծիք։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով վարույթին:

Գրիգորի Հովհաննիսյանն այն դատավորն է, որը Վերաքննիչ քրեական դատարանում, քննելով առևանգման գործով մեղադրյալ Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է՝ որպես Գայանե Հակոբյան:- Գ.Ս.)  խափանման միջոցի հարցը, որոշել է նրա նկատմամբ տնային կալանք կիրառել։ Այս որոշումից հետո դատախազը դիմել է Արդարադատության նախարարություն՝ դատավորի նկատմամբ  կարգապահական վարույթ հարուցելու հարցով, և նախարարը փաստորեն հարուցել է վարույթը։

Ուշագրավ է, որ ԲԴԽ դատավոր անդամներից 3-ը դեմ են քվեարկել Գրիգոր Հովհաննիսյանին նախազգուշացում հայտարարելու՝ ԲԴԽ որոշմանը:

Տեսանյութեր

Լրահոս