Ինչպե՞ս է ոչ մասնագետը դիֆերենցելու հիվանդի ծանրությունը և կանչի տրամադրումը մոպեդին կամ շտապօգնության մեքենային. Անուշ Պողոսյան

«Զավեշտ է և անլուրջ մոտեցում առողջապահական համակարգին ու առողջապահությանն ընդհանրապես,- մոպեդներով շտապօգնության ծառայություն մատուցելու քաղաքապետարանի առաջարկին 168.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը և հավելում,- Գծային շտապօգնության մեքենան ենթադրում է բժշկի, բուժքույրի առկայություն, հատուկ կահավորում, դեղորայք, ինչը  սահմանված է կառավարության որոշմամբ և ինչն անհրաժեշտ է շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար, այսինքն՝ սկզբից՝ հիվանդին ախտորոշելու, այնուհետև՝ հիվանդի տեղափոխումը ապահովելու համար, կամ տեղում բուժօգնությունը ցուցաբերելու: Այժմ հասկանալի չէ, թե ինչպես են մոպեդներով այդ տեխնիկական հագեցվածությունն ապահովելու, կամ՝ եթե իրենք կատարելու են նախաբժշկական որևէ օգնության տրամադրում, ապա ինչպե՞ս է լինելու այդ սահմանումը՝ որն է կոչվում՝ նախաբժշկական, որը՝ բժշկական:

Անհասկանալի է նաև,  թե մոպեդներով  ինչպե՞ս են ապահովելու դեղորայքի առկայությունը, ջերմային ռեժիմի պահպանումը»:

Հիշեցնենք՝ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը մասնավորապես տեղեկացրել էր. «Առաջիկայում նախատեսում ենք ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և կկարողանան վարել մոպեդ: Նրանք ծառայություն կմատուցեն ոչ հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում:

Անուշ Պողոսյանից հետաքրքրվեցինք մոպեդային շտապօգնության միջազգային օրինակների մասին՝ կա՞ն արդյոք, ի՞նչ արդյունավետություն ունեն: Նա, ի պատասխան, նշեց, որ մի քանի տեղերում նմանատիպ նախագծեր եղել են, սակայն վստահեցրեց՝ զարգացած երկրներում օրինակներն այլ են. կան շտապօգնության մեքենաներից ավելի փոքր մեքենաներ, որոնք պտտվում են քաղաքում և կանչի դեպքում՝ արագ հասնում են օգնելու, ապա նաև՝ գնահատում են շտապօգնության կարիքը, բայց դրանք մոպեդներ չեն՚:

Կարդացեք նաև

«Եթե չափորոշիչ են փոխում, և «ծառայություն մոպեդներով» տվյալ տեսակն են ավելացնում, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս են դա կարգավորելու ՀՀ այլ տարածաշրջաններում, մարզերում: Եթե Երևան քաղաքում շտապօգնության կայանի դիսպետչերներն ունեն համապատասխան մասնագիտական որակավորում և հեռախոսազանգի միջոցով կարող են կատարել կանչի տեսակավորում, ապա մարզերում շատ հաճախ նրանք անգամ բուժքույրեր չեն. ինչպե՞ս է ոչ մասնագետը դիֆերենցելու հիվանդի ծանրությունը և կանչի տրամադրումը մոպեդին կամ շտապօգնության գծային մեքենային:

Մեկ այլ խնդիր կա.  որտեղի՞ց են գտնելու այդ մասնագետներին՝ բժշկական գիտելիքներով մոպեդավարներին, որովհետև մենք արդեն իսկ ՀՀ-ում ունենք բավականին շատ միջին բուժպերսոնալի դեֆիցիտ, և չեմ հասկանում՝ ովքեր են լինելու, մենք ի՞նչ կրթական ծրագիր ենք դնելու, որպեսզի ունենանք նմանատիպ աշխատակիցներ:

Հերթական անլուրջ, ցուցադրական ծրագիրն է, միջոցառումն է»,- ամփոփեց Անուշ Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս