«Էրդողանը Բաքվից ազդանշանի է սպասում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար». Թոմաս դե Վաալ

2024 թվականին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Էրդողանը Բաքվին է սպասում։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ, Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալը։

Բրիտանացի հետազոտողը նախորդ տարի «Քարնեգի» հիմնադրամի կայքում տեղ գտած «Հայաստանի անապահովության տարին» վերնագրով իր հոդվածում 2023 թվականի լավատեսական սցենարների շարքում էր մատնանշել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և որպես դրան նպաստող գործոն էր ներկայացրել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հնարավոր հաղթանակը։ Սակայն, ինչպես գիտեք, այդ ամենը տեղի չունեցավ և Անկարան շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել Հայաստանին, որոնցից, թերևս, գլխավորն է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։

Ermenihaber.am-ը վերլուծաբանից հետաքրքրվեց, թե արդյոք նա 2024 թվականի համար շարունակում է հնարավոր համարել հարաբերությունների կարգավորումը երկու երկրների միջև։

«Կարծում եմ՝ դա հնարավոր է, կարծում եմ՝ Էրդողանը սպասում է Ադրբեջանին։ Թուրքիայի նախապայմանները փոխվել են տարիների ընթացքում։ Հիշում եք՝ 10-15 տարի առաջ թուրք պաշտոնյաներն ասում էին, թե բավական է, եթե հայկական զորքերը դուրս բերվեն թեկուզ միայն մեկ շրջանից, միայն Ֆիզուլիից (Վարանդա-խմբ․) կամ միայն Ջաբրայիլից (Ջրական-խմբ․), և իրենք կկարգավորեն հարաբերությունները։ Հետո կորսվեց ոչ թե մեկ, այլ յոթ շրջան, կորսվեց Ղարաբաղը, դեռևս չկա կարգավորում»,- նկատեց Դե Վաալը։

Ըստ նրա՝ թուրքական արտաքին քաղաքականության ոլորտի ընտրանին (էսթաբլիշմենթը) տեսնում է բոլոր այն առավելությունները, օգուտները, որոնք կստանան Հայաստանի հետ հարաբերությունների կարագավորման դեպքում․ Նոր տրանսպորտային կապեր կարող են ստեղծվել, Թուրքիան կարող է խաղացող դառնալ Հարավային Կովկասում, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է լավ ազդել թուրք-ամերիկյան՝ մասնավորապես Կոնգրեսի հետ հարաբերությունների վրա և այլն։

«Նրանք հաշվի են առնում այդ շահերը, սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականությունն այժմ ակնհայտորեն վարում է նախագահի աշխատակազմը, պարոն Էրդողանը, և նա այժմ Բաքվից ազդանշանների է սպասում։ Իմ կարծիքով՝ եթե նույնիսկ փոքրիկ, մեկ էջանոց պայմանագիր ստորագրվի Բաքվի և Երևանի միջև, դա բավական կլինի Անկարայի համար։ Բայց սա շատ լավատեսական սցենար է և իսկապես, դժբախտաբար, կախված է Բաքվից»,- եզրափակեց փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս

Վրաստանում ավարտվել է Խադայի կիրճով անցնող կամրջի 300 մետրանոց կամարի կառուցումը։ Կամուրջը կդառնա Ռուսաստանի հետ սահման տանող նոր ավտոճանապարհի մի մասը։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 17-ին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Կամրջի ընդհանուր երկարությունը կկազմի 437 մետր, իսկ բարձրությունը կիրճի հատակից՝ 166 մետր։ Գերատեսչության փոխանցմամբ՝ նման մասշտաբի կամարակապ կառույցը Վրաստանում աննախադեպ է։ Շինարարության հաջորդ փուլում կամարի վրա կտեղադրվեն հենասյուները, որից հետո կմեկնարկի ճանապարհային երթևեկելի հատվածի կառուցումը։ Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց երկշերտ ավտոճանապարհի նախագիծը նախատեսում է հինգ կամրջի և հինգ թունելի կառուցում։ Կրեստովի լեռնանցքի տակ արդեն ավարտվել է հիմնական և տարհանման թունելների հորատումը։ Դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 9 կիլոմետր է։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1,2 միլիարդ լարի։ Շինարարությունն իրականացվում է Վրաստանի պետական բյուջեի միջոցներով՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ։ Նոր ճանապարհով երթևեկությունը նախատեսվում է բացել 2028 թվականին։ Նոր ավտոճանապարհը կդառնա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասը, որը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների համար։ Ձմռան ամիսներին Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան տեղումների և ձնահոսքերի վտանգի պատճառով երթևեկությունը պարբերաբար սահմանափակվում է։ Նոր ճանապարհի կառուցումը թույլ կտա նվազեցնել բեռնափոխադրումների կախվածությունը եղանակային պայմաններից, փոխադրամիջոցները դուրս բերել Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի տարածքից, ինչպես նաև Քվեշեթիի և Կոբիի միջև ճանապարհի տևողությունը մեկ ժամից կրճատել մինչև 15 րոպե։

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031