Եգիպտոսը բանակցություններ է վարում հութիների հետ` Կարմիր ծովում ճգնաժամի կարգավորման նպատակով
Եգիպտոսի իշխանությունները բանակցություններ են վարում Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի խռովարարների և Իրանի ներկայացուցիչների հետ՝ Կարմիր ծովում իրադրության կարգավորման նպատակով: Այդ մասին հաղորդում է Al Araby Al Jadeed պարբերականը՝ վկայակոչելով Եգիպտոսի կառավարության իր աղբյուրներին։
«Կահիրեն ինտենսիվ բանակցություններ է վարում հութիների և Իրանի պաշտոնական ներկայացուցիչերի հետ՝ դադարեցնելու (Կարմիր ծովում) հութիների հարձակումների մեծացող ազդեցությունն ինչպես, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային իրադրության, այնպես էլ, մասնավորապես, Սուեզի ջրանցքով նավարկության վրա», – հայտնել են հրատարակության զրուցակիցները:
Վերջերս կայացած բանակցությունների ընթացքում Կահիրեն, մասնավորապես, հութիներին հավաստիացրել է, որ Եգիպտոսը չի մասնակցի «Անսար Ալլահ»-ի դեմ «թշնամական գործողություններին»։ Բացի այդ, Եգիպտոսի ներկայացուցիչները հութիներին տեղեկացրել են Գազայի հատվածին մատակարարվող մարդասիրական օգնության ծավալների մեծացման շուրջ Իսրայելի հետ բանակցություններում հաջողությունների մասին։
Ըստ հրապարակման՝ հութիներն իրենց հերթին Կահիրեին հայտնել են, որ մտադիր չեն ընդլայնել գործողության մասշտաբները, այլ հարձակումներ կգործեն միայն Իսրայելի հետ կապված նավերի վրա։
Եգիպտոսից մեկ այլ դիվանագետ պարբերականին հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ծրագրում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում այցելել Կահիրե։ Al Araby Al Jadeed-ի զրուցակցի խոսքով՝ Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրումը նպաստել է Կահիրեի և Թեհրանի հարաբերությունների բարելավմանը։
Առևտրային նավերի վրա հութիների հարձակումների պատճառով մի շարք խոշոր փոխադրող ընկերություններ դադարեցրել են Կարմիր ծովով նավարկությունները՝ ինչը դանդաղեցնում է Ասիայի և Եվրոպայի միջև առևտուրը, նաև ավելացնում ծախսերը։ Հութիները հայտնել են, որ կշարունակեն հարձակումները, մինչև Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ ԱՄՆ-ն անցյալ շաբաթից Եմենում հութիների մի շարք թիրախների է հարվածել, իսկ այս շաբաթ նրանց նորից սկսել է դասել «ահաբեկչական խմբավորումների» շարքը։