Թուրքիայի ԱԳՆ-ը «անհիմն» է որակել Սիրիայի ներկայացրած մեղադրանքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը անհիմն է համարել Անկարային Դամասկոսի ներկայացրած մեղադրանքը՝ կապված Հալեպ նահանգի հրթիռակոծման հետ, որի ժամանակ հնարավոր է՝ գործածվել է քիմիական զենք:

Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը. «Նախևառաջ անհրաժեշտ է հասկաալ իրավիճակը և պարզել, թե կոնկրետ ով է կիրառել այդ զենքը: Ընդդիմությունն արտահայտվել է հստակ, որ կապ չունի դրա հետ:

Դեռ վաղ է մեկնաբանելը և պատասխանատվության տակ դնելը, սակայն նախկին փորձը վկայում է, որ Սիրիայի կառավարությունը մշտապես մեղադրանքներ է ներկայացրել ընդդիմության և նրանց բոլորի նկատմամբ, որոնք իր կարծիքով աջակցում են նրան: Ամեն դեպքում Թուրքիային ներկայացված այդ մեղադրանքներն անհամոզիչ են ու անհիմն»:

Սիրիայի Հալեպ նահանգում երեկ իրականացված այդ հարձակման հետևանքով զոհվել է 25 և վիրավորվել է 86 մարդ: Այդ կապակցությամբ Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան ազ-Զոուբին Թուրքիային ու Կատարին մեղադրել է Սիրիայում գործող ահաեբկիչներին ֆինանսավորելու և զենք հատկացնելու մեջ, և հետևաբար հենց այդ երկու երկրներն են պատասխանատվություն կրում տվյալ հարձակման համար: Սիրիացի ապստամբները հայտարարել են, թե քիմիական զենք կիրառել են կառավարական զորքերը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նույնպես հերքել է սիրիական կողմի մեղադրանքը:

Տեսանյութեր

Լրահոս