Ալիևը քեզ թո՞ւյլ է տալու վերահսկել. ինքդ էլ ես ձախողված. Լևոն Քոչարյանի հարցը Փաշինյանին հունից հանեց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց՝ լսեցին նրա կողմից «կիրթ ու կառուցողական» որակում ստացած Ալիևին։
«Իհարկե, այն ագրեսիվ էր, խիստ ագրեսիվ, ու լսեցինք ձեր խեղճ ու կրակ պատասխանը։ Ինչո՞ւ եք այդքան վախեցած։ Շատ եք սիրում արձանագրել բառը, արձանագրում եք, որ բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է։ Հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում։ Անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան։ Ալիևը թո՞ւյլ է տալու վերահսկել սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու»,- նշեց Լևոն Քոչարյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փորձեցին ընդհատել Լևոն Քոչարյանին, դահլիճում իրարանցում սկսվեց, միջամտեց Ալեն Սիմոնյանը՝ թիմակիցներին հորդորելով լռություն պահպանել, ինչից հետո Լևոն Քոչարյանը հարցը շարունակեց։
«Չե՞ս տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»,- շարունակեց Լևոն Քոչարյանը։
Հարցն ավարտելուց հետո ՔՊ-ի շարքերից կրկին սկսեցին ռեպլիկներ հնչեցնել, Ալեն Սիմոնյանը կրկին հորդորեց լռություն պահպանել՝ մասնավորապես դիմելով Վահագն Ալեքսանյանին։
Նա նաև դիմեց Լևոն Քոչարյանին՝ ասելով.
«Պարոն Քոչարյան, նախ կոռեկտ եղեք։ Հասկանում եմ, որ ձեզ համար զարմանալի է, որ ընտրված ղեկավար է, դուք դրա փորձը չունեք, բայց կոռեկտ եղեք, որպեսզի նման իրավիճակ դահլիճում չլինի։ Հարցին կպատասխանի ՀՀ ընտրված ղեկավար Նիկոլ Փաշինյանը»։
«Հայաստան» խմբակցությունից արձագանքեցին, որ Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է, ինչին Ալեն Սիմոնյանը հակադարձեց՝ ասելով. «այս պահին պարտվածը դուք եք»։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին և հարցադրումներին պատասխանելու փոխարեն՝ հորդորեց.
«Ես ձեզ խորհուրդ կտայի, հաջորդ անգամ այդ նույն հարցը փորձեք հանգավորել, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա, գուցե որոշակի դիտումներ ու հետաքրքրություն առաջացնի։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք դպրոցական հանդեսում չեք, և ԱԺ-ում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում՝ կարծում եմ, առիթներ կունենաք վերհիշելու, թե որտեղ եք գտնվում։ Հուսամ, այս հորդորը կրկնելու առիթ չեք տա»։
Արձագանքելով՝ Լևոն Քոչարյանն ասաց.
«Ուրեմն՝ այստեղ մենք կարող ենք ձեզ հորդորել, որ որպես երկրի ղեկավար, հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ դարձած, մի ամբողջ հայրենիք կորցնելու ուղիղ պատասխանատուն այստեղ այս մանկական բաներով չզբաղվի և ինձ ինչ-որ բաներ չհորդորի։ Ես իմ ասելիքը հստակ ձևակերպել եմ՝ թշնամի երկրի ղեկավարը խոսում է ինչ-որ բաներից, որին շատ խղճուկ պատասխան է լինում ու ինչ-որ անհասկանալի առաջարկ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում