2023 թվականին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ. ՊԵԿ

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2023 թվականին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

«2023 թվականին հայտնաբերված՝ «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանի (սերվերի) վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու հանգամանքներ»,– ասված է հաղորդագրությունում:

Արդյունքում` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները, 13 հարկ վճարողի կողմից վերականգնվել է շուրջ 8․9 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Նշվում է, որ ծածկագրված եղանակով իրականացված հսկիչ գնումների, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկների, հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու արդյունքում անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքերով իրականացված ձերբակալումների, դրան ուղեկցող անձնական խուզարկությունների, ինչպես նաև միջոցառումների ընթացքում անհետաձգելի վարութային գործողությունների արդյունքում 13 հարկ վճարողի կողմից վերականգնվել է շուրջ 1.8 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Բացի նշված անձանցից՝ այլ հարկ վճարողների մոտ ևս հայտնաբերվել են չհայտարարագրված շրջանառություններ, իսկ չվճարված հարկերի չափը կազմել է շուրջ 8.5 մլրդ ՀՀ դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ։

Տեսանյութեր

Լրահոս