Վարդան Այվազյան. «Ինձ նստցրել են»

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ԱԺ ՀՀԿ խմբակցությունում օլիգարխներ չկան:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե համամի՞տ եք, որ ՀՀԿ-ում չկան օլիգարխներ, ասաց. «Օլիգարխ ձևակերպումը տվեք, ես ասեմ: Բնականաբար, համամիտ եմ»:

Իսկ հարցին, թե այդ դեպքում  գործարարներ կա՞ն այդ ցուցակում, Վ. Այվազյանը պատասխանեց. «Գործարարներ, ասենք, կան, իսկ ի՞նչ ա եղել, պետք ա չլինե՞ն»: Վ. Այվազյանի խոսքով՝ ինքը ժամանակին եղել է հացի գործարանի տնօրեն, կաթի գործարանի տնօրեն, այսինքն, ըստ նրա, ժամանակին գործարար եղել է:

168.am-ի հարցին, թե հիմա բիզնես չունե՞ք, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Չունեմ բիզնես, որտեղ էլ ունեմ 10 տոկոս կամ…»:

Կարդացեք նաև

Լրագրողներից մեկը հակադարձեց, թե նրա բիզնեսներն էլ գրանցված են ոչ իր անվամբ, ինչին ի պատասխան՝ պատգամավորն ասաց. «Ոչ, գրված է իմ անունով, ի տարբերություն ձեր հետևի կանգնած թերթերի մարդկանց անունից, որ ուրիշի անունով են հանդես գալիս: Դուք էնքան բացահայտ հարց եք տալիս՝ հարցի պատասխանն իմանալով: Իմ անունով ա գրված, բայց եթե ես անունով ինչ-որ փայաբաժին ունեմ, ես կառավարմանը չեմ մասնակցում, անմիջական կառավարման համար աշխատավարձ չեմ ստանում: Այսինքն՝ պատգամավորը պարտավոր է աշխատել իր գործով, ես, ասենք, անցած հինգ տարիների ընթացքում 1400 օրենսդրական նախագծի գլխադասային հանձնաժողովի նախագահն եմ»:

168.am-ի դիտարկմանը, թե իր անունն անմիջականորեն կապում են հանքարդյունաբերության հետ, Վ. Այվազյանը պատասխանեց. «Իմ անունն ուրիշ բանի հետ էլ են կապում, ասեք»:

– Պաշտոնապես քանի՞ հանք ունեք:

– «168 Ժամին» ասեք, կասի՝ քանի հատ ունեմ: Ինձնով՝ ոչ մի հատ:

– Հանք չունե՞ք:

– Չէ, ոչ մի հատ: «168 Ժամին» հարցրեք, Հրազդանի երկաթ հանքը, որ  դադարեցրել է… կարող եք շնորհավորել, որ չեն աշխատելու ընդեղ մի 1000-1500 մարդ: Ընդեղ որոշակի փայաբաժին ունի տղես՝ 20%, կարող եմ հստակ հայտարարել: Իսկ իրենց՝ «168»-ում,  ով որ գրում է՝ հարցրեք, ո՞րն ունի, որն ինքը նշեց՝ տալիս եմ իրեն: Շարունակեք, ուրիշ բա՞ն ունեք ասելու:

– Սվարանց գյուղի երկաթի հանքը ևս Ձեր անվան հետ են կապում:

– Բացարձակապես… Ես ձեզ նորից եմ ասում՝ ասեցի այն, ինչ ասեցի: Ավելացնելու բան չունեմ:  Սա սենց ասեց, նա նենց ասեց… ասում են՝ ասողին հարցրեք:

– Լավ, իսկ քանի՞ հանքի բաժնեմաս ունեք:

– Ասեցի՝ ոչ մի հանքի:

– Բայց նշեցիք Հրազդանի երկաթ հանքի մասին:

– Ես ասացի՝ մի տեղ, մի կազմակերպության հետ ա, ես բացահայտ նշել եմ, եթե որևէ մեկն այլ բան գիտի, խնդրեմ՝ թող ասի:

– Իսկ «Գլոբալ գոլդի»՝ Ձեզ դատի տալու գործընթացն ի՞նչ փուլում է:

– Ինձ նստցրել են: Հիմա ես նստած եմ:

– Այսի՞նքն:

– Այսինքն՝ նստած եմ: «Գլոբալ գոլդն» ինձ դատի էր տվել, ես նստած եմ հիմա: Ուրիշ բա՞ն ունեք ասելու:

– Հիմա ո՞նց հասկանանք Ձեր ասածը:

– Դե  հասկացի… ասում եմ՝ նստած եմ: Իրանց ասելով՝ դատը պրծել ա: Հիմա իրանց ասելով՝ որտեղ որ գրել եք, ընդեղ էլ նստած եմ:

– Ամերիկայո՞ւմ:

– Հա, չե՞ք տեսնում, նստած եմ…

Տեսանյութեր

Լրահոս