ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը որոշվելու է այն ուժային կենտրոններում, որոնց սպասարկում է Փաշինյանը. Արմեն Աշոտյան

Քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին

Սկիզբը՝ այստեղ.

Հարց 3.

Նարինե Ավանեսյան – Արդյո՞ք կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և եթե լինեն՝ ՀՀԿ-ն կմասնակցի՞։

Արմեն Աշոտյանի պատասխանը – Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը որոշվելու է դրսում, այն ուժային կենտրոններում, որոնց սպասարկում է Փաշինյանը։ Ճիշտ այնպես, ինչպես եղավ 2021 թ. խորհրդարանական արտահերթի դեպքում։

Գիտեմ, որ ՀՀԿ-ում նման հարց չի քննարկվել դեռ։ Կարծում եմ՝ իմ կուսակցության կայացրած որոշումը մի շարք սկզբունքային հարցերից է կախված լինելու, որոնցից կարևորագույնը հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանությունն է։ Պարզապես Խորհրդարանում հայտնվելը, ինչը Հանրապետականի` որպես քաղաքական դաշտի առաջատարներից մեկի համար լուծելի խնդիր է, չի կարող լինել միակ հիմնավորումը մասնակցության համար։ Հնարավոր արտահերթի դեպքում կարիք կլինի հստակեցնել մեր պոտենցիալ մասնակցության նպատակները և առաքելությունը։

Հարց 4.

Գարիկ Առաքելյան – Մենք Աշոտին սիրով լսում ենք, բայց ունենք Ձեզ հետ շփման ուղիղ կարիք, ի՞նչ եք կարծում, ե՞րբ կազատվեք և ինչպե՞ս։

Արմեն Աշոտյանի պատասխանը – Օգտվելով Ձեր հարցից՝ ցանկանում եմ կրկին շնորհակալությունս հայտնել Աշոտին նման հաղորդաշար առաջարկելու և իրականացնելու համար։ Կեցցե՛ ինքը, որ ի թիվս այլ դժվարությունների, համբերատար հաղթահարում է ևս մեկ աննախանձելի խոչընդոտ՝ իմ՝ գրեթե անընթեռնելի ձեռագրի վերծանումը։ Ինչ վերաբերում է իմ հնարավոր ազատմանը, ապա գուցե գիտեք, որ Հայաստանում արդարադատության բռնաբարման հերթական արարի արդյունքում իմ կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով։ Ինչպես այլ քաղբանտարկյալների (Ասլանյան, Մալյան և այլք) դեպքում, իմ քրեական գործում և կալանքում չկա ո՛չ արդարություն, ո՛չ ճշմարտություն, ո՛չ բարոյականություն, ո՛չ օրենք, ո՛չ էլ իրավաբանություն։ Գրպանային դատարանների դրածո դատավորները «բարձր» են պահում նախաքննության մարմինների և Գլխավոր դատախազության՝  Հայաստանում այլախոհության ճնշելու, վախի մթնոլորտն ուժեղացնելու, Նիկոլի քաղաքական ընդընդիմախոսներին լռեցնելու նշաձողը։

Հարց 5.

Գեղամ Սարգսյան – Նախկին Live-ի ժամանակ հարցրեցին, թե արդյո՞ք կառաջնորդեք այդտեղից պայքարը, ասացիք՝ եթե կարիքը և պահանջը լինի` այո։ Կարծում եմ՝ պահանջը կա. պատրա՞ստ եք առաջնորդելու։

Արմեն Աշոտյանի պատասխանը – Նախ, շնորհակալ եմ Ձեզ նման վստահության և վերաբերմունքի համար։ Ողջ հարգանքով Ձեր կարծիքի հանդեպ, մի ծաղկով գարուն չի գալիս։ Դուք կողմ եք, ոմանք` դեմ, մեծ մասը` չկողմնորոշված։ Պատասխանելով նման հարցի` ես նկատի եմ ունեցել այն հանգամանքը, որ ամբիցիաներ չունենք ո՛չ Կուսակցությունս, ո՛չ ես։ Պատասխանատվությունից չենք խորշում ո՛չ  Կուսակցությունս, ո՛չ ես։ Պայքարը շարունակում ենք և՛ Կուսակցությունս, և՛ ես։

Կրկնեմ. Նիկոլին ատել պետք չէ, նա դրանից միայն ուժեղանում է, սնվում է, էներգիա է ստանում։ Պետք է մի կողմ դնել բոլոր երկրորդային և երրորդային տարբերությունները և տարաձայնությունները և վերականգնել մեզ միավորող արժեքները, համախմբել այդ արժեքների շարքը և պաշտպանել դրանք։ Հավատացե՛ք, այդ դեպքում Նիկոլի հեռացումը կդառնա ինքնըստինքյան, ավտոմատ պրոցես։

Հարգանքով՝ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

12.01.2024թ.

 

Տեսանյութեր

Լրահոս