«Եթե Թայվանի շուրջ ևս մեծանա լարվածությունը, ապա հաջորդ ռազմական բախումների և անկայունությունների թատերաբեմը Հարավային Կովկասն է լինելու»
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թայվանում սկսվել են վարչակազմի ղեկավարի և խորհրդարանի ընտրությունները։ Վարչակազմի ղեկավարի պաշտոնի համար պայքարողները երեքն են.
Լայ Ցինդեն, որը ներկայացնում է Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը, և հանդես է գալիս Թայվանի անկախության հռչակման օգտին։ Եթե նա հաղթի ընտրություններում, նրա քաղաքականությունը կարող է մեծացնել տարածաշրջանում ռազմական բախումների վտանգը` ներգրավելով Միացյալ Նահանգներին: Այն լրջորեն կվնասի նաև մեր տարածաշրջանում առկա խախուտ ու պայթյունավտանգ խաղաղությանը:
Մի կողմից Մերձավոր Արևելքի ահազանգող զարգացումները, մյուս կողմից` եթե Թայվանի շուրջ ևս մեծանա լարվածությունը, ապա կարող ենք համարել, որ հաջորդ ռազմական բախումների և անկայունությունների թատերաբեմը Հարավային Կովկասն է լինելու:
Թայվանում հաջորդ թեկնածուն Հոու Յին Կուոմինթանգիցն է, որը ձգտում է կարգավորել հարաբերությունները և զարգացնել կապերը մայրցամաքային Չինաստանի հետ, ինչում հետաքրքրված են նաև չինացիները։
Եվ երրորդ թեկնածուն` Կե Վենչեն Թայվանի ժողովրդական կուսակցության հիմնադիրն է, որը նույնպես հույս ունի որոշակի սահմաններում զարգացնել հարաբերությունները Պեկինի հետ։ Նա Թայվանում ժողովրդավարության զարգացումը տեսնում է սինգապուրյան մոդելով: Կե Վենչենին չեն համարում ԱՄՆ-ի նկատմամբ բարեկամաբար տրամադրված գործիչ։
Թայվանցիներն այսօր քվեարկում են քաղաքական ուղիների համար, որոնք կորոշեն ոչ միայն Թայվանի ներքին խնդիրները, այլ առաջիկա չորս տարիներին Չինաստանի հետ հարաբերությունների հետագիծը, ինչպես նաև կարող են իրենց ազդեցությունն ունենալ համաշխարհային զարգացումների վրա:
Եթե ընտրությունների արդյունքում վտանգվի Թայվանի և Չինաստանի միջև առկա ստատուս քվոն, ապա այն կարող է ունենալ խիստ անցանկալի և վտանգավոր զարգացումներ ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ գլոբալ անվտանգության տեսանկյունից»: