Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում գետնաբուք է, Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշենի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները, Իջևան-Նոյեմբերյան և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
«Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Տաթև-Լծեն ավտոճանապարհին, Քաջարան, Սիսիան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին (տեղ-տեղ), Դիլիջանի ոլորաններում, Դիլիջան-Վանաձոր և Նոյեմբերյան քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում գետնաբուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։