Երևանում կլինի Հրանտ Դինքի անվան դպրոց
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հ.44 հիմնական դպրոցն այսուհետև կկոչվի նշանավոր պոլսահայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի անվամբ։
Այս որոշումն ընդունվել է այսօր՝ մարտի 19-ին, Երևանի քաղաքի ավագանու նիստում: Ավագանին նման որոշում ընդունել է հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը:
Ավագանու այսրօվա նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է արժանացել նաև ԳԱԱ ակադեմիկոս, ՀՌՀ հիմնադիր ռեկտոր, ականավոր գիտնական, հայ-ռուսական գրական և մշակութային կապերի մեծանուն գործիչ Լևոն Մկրտչյանի, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, պետական մրցանակների դափնեկիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Աստվածատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ փակցնելու մասին որոշման նախագծերին: