Բաժիններ՝

ՀՀ ԳԱԱ-ում հայտնաբերել են ալցհայմերի հիվանդությանը նպաստող ագրեգատների գոյացումը կանխարգելող միջոցներ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում հետազոտվել են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում սինթեզած երկու նոր միացություններ` N-բենզոիլ-DL-վալինիդիմեթիլամինոէթիլամիդիյոդմեթիլատ (TVA) և 1-(2-դիէթիլամինոէթիլի)-2-ֆենիլ-4-բենզիլիդեն-5-իմիդազոլոն (TVS):

Ինչպես տեղեկանում ենք ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, այդ միացություններն ընկճում են ալցհայմերի հիվանդության զարգացմանը նպաստող ացետիլխոլինէսթերազ և բուտիրիլխոլինէսթերազ ֆերմենտների ակտիվությունները:

Ալցհայմերի հիվանդության հիմքն ամիլոիդ բետա պեպտիդների պաթոլոգիական ակտիվությունն է: Մասնավորապես, ամիլոիդ բետան թունավոր ազդեցություն ունի ուղեղի նեյրոնների վրա և խաթարում է միջբջջային հաղորդակցությունը:

«Ստացած տվյալները վկայում են, որ նոր սինթեզած միացությունները նվազեցնում են ամիլոիդ բետա պեպտիդների ագրեգացման գործընթացը և քայքայում պեպտիդների ձևավորված տոքսիկ ագրեգատները։ Բջջային կուլտուրայում կատարած հետազոտությունները ցույց են տվել նաև, որ TVA և TVS միացությունները թուլացնում են ամիլոիդ բետա պեպտիդի ագրեգատների ազդեցության հետևանքով առնետի ուղեղի հիպոկամպի բջիջների նեյրոդեգեներատիվ գործընթացները և մահացությունը՝ ցուցաբերելով նյարդապաշտպան հատկություն»,- ասել է գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն Ալվարդ Անտոնյանը:

Նա տեղեկացրել է, որ այս միացությունների հետագա նախակլինիկական հետազոտությունների իրականացումը հնարավորություն կտա դրանց հիման վրա ստեղծել ալցհայմերի հիվանդության կանխարգելման և բուժման նոր դեղամիջոցներ:

Արդյունքները ընդունված են տպագրության Նեյրոքիմիա միջազգային գիտական հանդեսում՝ S.S. Mardanyan, L.G. Karapetyan, A.A. Antonyan, S.G. Sharoyan, H.V. Gasparyan, S. Buloyan, H.A. Harutyunyan, A.E. Pogosyan, L. Arshakyan, A.A. Hovhanesyan, V.O. Topuzyan. Optical Characteristics and Neuroprotective Properties of β-dimethylaminoethylamide n-benzoyl-dl-valine iodmethylate and 1-(β-diethylaminoethyl)-2-phenyl-4-benzylidene-5-imidazolone; Neurochemistry (Russia)։

Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ «Հակաացետիլխոլինէսթերազային ակտիվությամբ օժտված քիմիական միացությունների սինթեզ և դրանցով Ալցհայմերի հիվանդության բուժման հնարավոր ուսումնասիրումը» (№18T-1D124) թեմատիկ ծրագրի շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս