Պատմության այս շրջադարձային կետը կարող ենք ի շահ մեզ դարձնել, եթե համախմբվենք և առաջնորդվենք հանդուրժողականության, հարգանքի և երկխոսության սկզբունքներով՝ փոխելու համար իրականությունը․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս 2023 թվականին և կանգնած ենք գալիք նոր տարվա շեմին։ Սա այն պահն է, երբ մենք հույս ու ոգեշնչում ենք փնտրում մեզ համար և մեզ շրջապատողների համար:

Սակայն չենք կարող թաքցնել, որ մեր հասարակությունն այժմ դժվար ու դրամատիկ վիճակում է։ Մենք ցավ ու դառնություն ենք զգում՝ կորցնելով մեր երկրի մի մասը, իսկ մեր եղբայրական վշտակցման կարողությունն ու հավատարմությունը, ինչպես նաև ազգային ինքնությունը փորձության են ենթարկվել՝ հասարակության մեջ պառակտումները դարձնելով ցավալի իրականություն։

Մենք գտնվում ենք պատմության խաչմերուկում, որտեղ պետականության կորստի վտանգը մութ ամպի պես կախված է մեզ վրա։

Այնուամենայնիվ, նույնիսկ այս դժվարին ժամանակներում հույսը կորցնելը հավասար է դավաճանության: Մեր երկիրը ոչ միայն նրա սահմաններն ու տարածքն է, այլ ամենից առաջ նրա ժողովուրդն ու ոգին։ Մենք ուժ ու քաջություն ենք կուտակել մեր հազարամյա պատմության ընթացքում՝ ժառանգելով այն մեր նախորդ սերունդներից, և այժմ այդ ժառանգությունը կիրառելու և կյանքի կոչելու հստակ ժամանակն է:

Չմոռանանք մեր անձնական ու սոցիալական պատասխանատվության և փոխադարձ աջակցության մասին։ Նոր տարին օգտագործենք որպես հաշտության և համագործակցության հնարավորություն։ Թող խաղաղության և բարգավաճման մեր ցանկությունը լինի մեր հիմնական նպատակը, նույնիսկ երբ մենք պայքարում ենք դժվարությունների հետ:

Պատմության այս շրջադարձային կետը կարող ենք ի շահ մեզ դարձնել, եթե համախմբվենք և առաջնորդվենք հանդուրժողականության, հարգանքի և երկխոսության սկզբունքներով՝ փոխելու համար իրականությունը։

Թող որ նոր տարում սովորենք լսել միմյանց, գնահատել կարծիքների բազմազանությունը և ընդունել փոխզիջումներ՝ հանուն երկրի բարօրության։ Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուրս դրսևորենք մեր կարեկցանքն ու համերաշխությունը, լինենք միմյանց աջակից այս դժվարին պահերին։

Թող նոր տարին մեզ բերի նոր հնարավորություններ՝ հաղթահարելու խոչընդոտները և վերականգնելու վստահությունը մեր հասարակության մեջ։

Սիրելի բարեկամներ, թող որ մենք ուժ ու զորություն ձեռք բերենք՝ երկիրը դնելու խաղաղության և բարգավաճման ուղու վրա։

Շնորհավո՛ր Նոր Տարի: Եկեք միասին վերականքնենք ապագան կերտելու՝ մեր պապերից մեզ ժառանգված հավատամքն ու ազգային կարողությունը»:

Տեսանյութեր

Լրահոս