ԿԸՀ-ն առաջարկում է վերացնել դրոշմակնքելու ինստիտուտը

Նոր Ընտրական օրենսգիրքն էական առաջընթաց է արձանագրել ընտրական իրավահարաբերությունների կարգավորման բնագավառում, այդուհանդերձ ԸՕ-ի պրակտիկ կիրառումը ցույց տվեց, որ ընտրական գործընթացը կարգավորող առանձին նորմեր և ինստիտուտներ ունեն կատարելագործման անհրաժեշտություն: Այս մասին Ազգային ժողովի մարտի 18-ի նիստում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» ԿԸՀ-ի հաղորդագրությունը:

ԿԸՀ-ի նախագահը, մասնավորապես, առաջարկեց վերանայել և հստակեցնել թեկնածուների նախընտրական հիմնադրամների հետ կապված օրենսդրական դրույթները: Ըստ նրա, հատկապես կարգավորման ենթակա են թեկնածուի կողմից ԸՕ-ով սահմանված որոշ դեպքերում նախընտրական հիմնադրամ չբացելու առկա հնարավորությունը, նախընտրական հիմնադրամները սպասարկող ժամանակավոր հատուկ հաշվեհամարների վրա կալանք դնել-չդնելու, ինչպես նաև թեկնածուի նկատմամբ պատասխանատվություն կիրառել-չկիրառելու հարցը այն դեպքում, երբ պայմանագրային պարտավորությունները գերազանցում են քվեարկության օրվանից հետո հիմնադրամում առկա ֆինանսական մնացորդը:

Հանձնաժողովն առաջարկում է նաև Ընտրական օրենսգրքից հանել ընտրողների անձը հաստատող փաստաթղթերը դրոշմակնքելու ինստիտուտը: ԿԸՀ-ն գտնում է, որ ԸՕ-ով ամրագրված դրույթներով մեկից ավելի անգամ քվեարկելը բացառելու ավելի առանցքային հնարավորություններ են ամրագրված, մասնավորապես, ընտրողների ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության, ընտրական տեղամասում ընտրողների ցուցակում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների գրանցման կանոնակարգումները:

Բացի այդ, հանձնաժողովն առաջարկում է որպես ընտրակաշառքի դեմ արդյունավետ պայքարի միջոց օրենսդրական կանոնակարգում, ըստ որի ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդում ներկայացնողներն ազատվեն քրեական պատասխանատվությունից: ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու համար:

Առաջարկվում է նաեւ մանրամասն ուսումնասիրել դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված եզրակացություններում առկա առաջարկները, ինչպես նաև 2012թ.-ի մայիսի 6-ի պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարանի որոշումներում ներկայացված իրավական դիրքորոշումները և, ըստ անհրաժեշտության, կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս