Րաֆֆի Հովհաննիսյան. Ոչ մի կաթիլ արյուն չի լինելու՝ երաշխավորում եմ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր Ազատության հրապարակում շարունակվում էր Քաղաքացիական բաց ֆորումը:
Քաղաքացիներից մեկը գրավոր հարց ուղարկեց բանախոսներ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին և կինոռեժիսոր Արշակ Զաքարյանին: Սակայն հարցը սկզբում չթողեցին հնչեցել, որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը ծանոթացավ հարցին ու պատասխանեց.
«Ո՞ւր էիք Մարտի 1-ին: Մարտի 1-ին «ժառանգության» պատգամավորներն էին ժողովրդի կողքին, երբ թեկնածու չունեինք: Նրանք ժողովրդի կողքին էին, ոչ թե որպես կուսակցական, այլ՝ շարքային քաղաքացիներ: Ես Սանկտ Պետերբուրգում էի, հաջորդ առավոտյան եկեա, այցելեցի հիվանդանոցներ, այդ թվում՝ Արմեն Մարտիրոսյանին, ով ոստիկանի կյանքը փրկելիս վնասվածք էր ստացել, այդ պատճառով Բաքու չգնացի. պետք է գնայի»:
Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկեց բանախոսներին ցանկության դեպքում պատասխանել հարցին, ինչից թե Անդրիաս Ղուկասյանը, թե Արշակ Զաքարյանը չհրաժարվեցին:
Արշակ Զաքարյանը պատասխանեց, որ Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ է եղել, իսկ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ իր ողջ կյանքում ղեկավարել է անկախ ԶԼՄ, 2008 թականին ընդդիմադիր չի եղել, բայց ընդգծեց, որ «այդ ժամանակ Սերժ Սարգսյանին հաջողվեց իրեն բերել ընդդիմադիր դաշտ: Իսկ դրա համար հազվադեպ տաղանդ է պետք ունենալ, և նա ունի այդ տաղանդը»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր երեկոյան Ազատության հրապարակում տեղի կունենան մշակութային ներկայացումներ, իսկ վաղը Քաղաքացիական բաց ֆորումի շրջանակում ժամը 17:00-ին ելույթ կունենա Կարապետ Ռուբինյանը:
Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանի և Արշակ Զաքարյանի հնչեցրած առաջարկներին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ողջունում է նրանց անկեղծությունը: Հովհաննիսյանը շեշտեց, որ որևէ քայլ չի կատարելու առանց ժողովրդի և ժողովուրդն էլ ոչ մի քայլ չի անելու առանց իրեն:
«Ապրիլի 8-ի կազմակերպիչները չեն կարող փոխարինել ապրիլի 9-ը: Ես ողջունում եմ նախաձեռնությանը, որ կազմակերպիչները ցանկանում են իրազեկել քաղաքապետարանին ու խաղաղ երթ անցկացնեն»,- ի պատասխան Արշակ Զաքարյանի՝ ապրիլի 8-ին «1 միլիոնանոց» երթ անցկացնելու մասին առաջարկին, ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս ևս բացառեց Մարտի 1-ի կրկնությունը և հայտարարեց. «Ոչ մի կաթիլ արյուն չի լինելու՝ երաշխավորում եմ: Լինի ամսի յոթը, ութը, թե տասը, ով հայ մարդու նկատմամբ ձեռք բարցրացրեց, պատասխան պետք է տա հայ ժողովրդի և օրենքի առջև: Մի բանում ես համոզված էմ, որ Աստված չանի, եթե նորից տեսնենք Մարտի 1: Եվ եթե հանկարծ որևէ փորձ լինի, դա լինելու է դիմացի մայթից, իսկ այս մայթը՝ ժողովրդի մայթը, ոչ մի ձեռք պետք է չբարձրացնի: Առաջին հերթին, եթե դա լինի, իմ վրա կլինի: Եթե դա ձեր ուզա՞ծն է»: