Մարտի 1-ը մեր երկրում չի կրկնվելու
Ազատության հրապարակում մեկնարկած հանրային ֆորումի ժամանակ, որտեղ իրենց առաջարկներով հանդես են գալիս քաղաքացիներ, բանախոսներ, ելույթ ունեցավ նաև կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Նա առաջարկեց ապրիլի 8-ի երեկոյան կազմակերպել երթ: «Մենք 1 միլիոն մարդով կքայլենք խաղաղ երթով՝ հայտնելու իշխանություններին և այդ օրը դեռ գործող նախագահին՝ մեր անվստահությունն իր և իր համակարգի նկատմամբ: Մենք ասելու ենք, որ Դուք այլևս նախագահ չեք, և դրանից հետո՝ ապրիլի 9-ին, մենք տոնելու ենք մեր նախագահի երդմնակալությունը»,- մասնավորեցրեց կինոռեժիսորը:
Ինչ վերաբերում է նրան, որ երթի օրը հնարավոր է սադրանքներ լինեն, Արշակ Զաքարյանն ասաց, որ եթե որևէ սադրանք լինի Սերժ Սարգսյանի կողմից՝ «դա կխանգարի նրա անօրինական երդմնակալությանը»:
Նաև հավելեց. «Եթե որևէ մեկ մարդու մազին կպնեն կամ արյուն թափվի, Սերժ Սարգսյանը պետք է երդվի մարդկանց արյան վրա: Ի՞նչ եք կարծում՝ աշխարհը կընդունի՞ նման երդմնակալություն: Մարդ ինչքան հիմար պետք է լինի, որ 1 միլիոն մարդու մեջ սադրանք անի: Չէ՞ որ այդ դեպքում այդ մարդկանց վերահսկել չի լինի: Մարտի 1-ը մեր երկրում չի կրկնվելու: Հատուկ նշեցի, որ այս նախաձեռնությունը քաղաքացիական է և կապ չունի ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի, ոչ «Ժառանության», ոչ այլ քաղաքական ուժի հետ: Այդ օրը պետք է մի կողմ դնել կուսակցական պատկանելությունն ու մասնակցել: Ես պատրաստ եմ առաջին շարքում քայլել, որ բացառենք Մարտի 1-ը»:
Իսկ այդ արարողությանն, ըստ Զաքարյանի՝ ցանկալի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցի որպես քաղաքացի: