Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան գործարկել է պլուտոնիում արտադրող ռեակտոր․ ՄԱԳԱՏԷ

Հյուսիսային Կորեան գործարկել է ռեակտոր, որը կարող է պլուտոնիում արտադրել միջուկային զենքի համար։ Այս մասին ասվում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հայտարարության մեջ։ Գործակալության ղեկավարը այս մասին զեկուցել է նոյեմբերի 22-ին կառավարիչների խորհրդի նիստում։

ՄԱԳԱՏԷ-ն նկատել է ակտիվության բարձր մակարդակ Յոնգբյոնում թեթև ջրի ռեակտորի (LWR) տարածքում և դրա մերձակայքում, ինչպես նաև՝ ջրի մեծ արտահոսք դրա հովացման համակարգից:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ առանց օբյեկտ մուտք գործելու ՄԱԳԱՏԷ-ն չի կարող հաստատել դրա գործառնական կարգավիճակը:

«Թեթև ջրի ռեակտորը, ինչպես ցանկացած այլ միջուկային ռեակտոր, կարող է արտադրել պլուտոնիում, որը կարող է զատվել վերամշակման ժամանակ, և դա մտահոգիչ է», – ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը: Գրոսին ԿԺԴՀ-ին կոչ է արել ամբողջությամբ կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով ստանձնած պարտավորությունները և անհապաղ ամբողջությամբ համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ԿԺԴՀ-ն հեռահար միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի ուշ երեկոյան Փհենյանի կողմից նույն ուղղությամբ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումից մի քանի ժամ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս