Ընդլայնվել է ԵՄ այն ներկայացուցիչների ցուցակը, որոնց արգելվում է մուտք գործել ՌԴ. ԱԳՆ

Ռուսաստանը, ի պատասխան Եվրամիության պատժամիջոցների հերթական՝ տասներկուերորդ փաթեթի, ընդլայնել է ԵՄ այն երկրների ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը ՌԴ արգելված է: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

«Ի պատասխան այդ ոչ բարեկամական, ոչ լեգիտիմ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջազգային-իրավական իրավասությունները խաթարող գործողությունների՝ ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է եվրաինստիտուտների և Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների ցուցակը, որոնց արգելել է մուտք գործել մեր պետության տարածք` համաձայն 1996 թվականի օգոստոսի 15-ի «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խոսքը ԵՄ ուժային գերատեսչությունների և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՄ երկրների այն քաղաքացիների մասին է, որոնք ռազմական օգնություն են ցուցաբերել Կիևին:

Բացի այդ, ցուցակում ներառվել են եվրոպական կառույցների ներկայացուցիչներ, որոնք առնչվում են ՌԴ պաշտոնյաների հետապնդմանը «անօրինական ձերբակալությունների և ուկրաինական տարածքներից մարդկանց դուրսբերման» համար, որոնք զբաղվում են Ռուսաստանի ղեկավարության դեմ «տրիբունալի» ստեղծմամբ:

Սահմանափակումները վերաբերում են նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին, որոնք հոկտեմբերի 13-ին քվեարկել են այն բանաձևի օգտին, որն ուղղված է ՌԴ ներքին գործերին անթաքույց միջամտելուն և ՌԴ նախագահի` 2024 թվականին նախատեսված ընտրությունները վարկաբեկելուն:

Հիշեցնենք` ԵՄ–ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը հաստատեց դեկտեմբերի 18-ին։

ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կարող է հաղթահարել պատժամիջոցային ճնշումները, որոնք Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի նկատմամբ մի քանի տարի առաջ և շարունակում է խստացնել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ հեռանկարն է, պատժամիջոցներն էլ լրջորեն հարվածել են ամբողջ համաշխարհային տնտեսությանը։

Տեսանյութեր

Լրահոս