Վարդան Ղուկասյանը՝ Սամվել Բալասանյանին. Կուսակցությունները թաշկինակի պես փոխող այդ մեկը…
Ս/թ մարտի 15-ին «Ցայգ» հեռուստառադիոընկերության Իրականում հաղորդման շրջանակներում, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մանրամասնորեն պատասխանեց Գյումրու քաղաքապետարանի ներկայիս ղեկավարության կողմից հնչեցրած բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին նախկին քաղաքապետի և քաղաքապետարանի նախկին աշխատակազմի գործունեությանը: Վարդան Ղուկասյանի կողմից արված առաջարկը՝ ուղիղ եթերում, դեմ առ դեմ, կազմակերպել հրապարակային քննարկում բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես և սպասվում էր, փաստացի մերժվեց:
Փոխարենը՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնին քծնանքով և նենգությամբ հասած անձը, հաջորդ օրը հանդես եկավ մի պատասխանով, որում տրված որակումները, հերթական անգամ, ապացուցում են, որ գործ ունենք հիվանդ երևակայություն ունեցող, բարբաջանքներ տարածող, վախերով ապրող մի ստահակի հետ: Այդ պատասխանում տեղ գտած արտահայտությունները բնորոշ են տկարամտությամբ, մտավոր զարգացման բացակայությամբ տառապող հիվանդին: Եվ բնական է, որ այդ գրույթում չէր կարող գեթ մեկ հակափաստարկ ներկայացվել այն բոլոր փաստերի վերաբերյալ, որոնց մասին խոսեց 13 տարի շարունակ գյումրեցիների վստահության քվեին արժանացած, Գյումրու քանիցս ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Գյումրու քաղաքապետի աթոռը այսօր զբաղեցրած, ժողովրդի ձայները գողանալու մեջ հմտացած, այլոց ունեցվածքը մատնությամբ խլողը, ոչ ասելիք, ոչ էլ անելիք ունի՝ բացի կանացի բամբասանքներ տարածելուց:
Մինչդեռ պարզ չդարձավ, թե կառավարման 6 ամիսների ընթացքում, որը կազմում է մեկ կիսամյակ, ինչ է արվել Գյումրիում, բացի ժողովրդի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուց,մարդկանց բռնել տալուց ու տեռորի ենթարկելուց: Սա է բարոյահոգեբանական փոխված մթնոլորտը: Սրտի ցավով ենք նշում, որ հանրապետության 2-րդ քաղաքը դատապարված է քաղաքապետի պաշտոնում տեսնել ժամանակավոր տեղապահի հոգեբանությամբ, անհայտ թանաքագույնով կուսակցական պատկանելությունները ճակատին գրող ծանծաղամիտ մեկին, ով ամենուր հայտարարում է, որ իրեն հարկադրանքով են դարձրել Գյումրու քաղաքապետ:
Մեզ` գյումրեցիներիս համար պատվաբեր չէ, որ այսօր Գյումրու առաջին դեմքը այն անձն է, ով մի գիշերվա մեջ Ազգային Ժողովի Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբից փախավ «Օրինաց Երկիր» կուսակցություն ու այդ պատճառով ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը ՕԵԿ առաջնորդին մեղադրեց անասնագողության մեջ: Տարիներ անց բոլորը, այդ թվում ՕԵԿ առաջնորդը, համոզվեցին տրված այդ գնահատականի ճշմարտացիության մեջ: Կուսակցությունները թաշկինակի պես փոխող այդ մեկը, այժմ էլ, ըստ քաղաքապետարանում տարածված լուրերի, ցանկանում է անդամագրվել «Ժառանգություն» կուսակցությանը:
Մենք կիսում ենք գյումրեցիների մտահագությունը Գյումրու ներկայիս ղեկավարության անգործության, քաղաքի ետընթացի ու զարգացման հեռանկարների բացակայության վերաբերյալ: Ճշմարիտ է, որ իրեն ղեկավար համարող ապիկարի պատճառով, Գյումրին 6 ամսվա ընթացքում նմանվել է ետերկրաշարժյան քաղաքին: Հրապարակային բանավեճից փախած ու ԶԼՄ-ների մեջքի ետևում թաքնվողին, որին բոլորը ճանաչում են որպես հուդա, մեր ասելիքը կասենք մի տեղ հանդիպելիս:
Ի դեպ, Գյումրու այսօրվա քաղաքապետին բնութագրող վերևում բերված բոլոր որակավորումները, տարիներ առաջ, տրվել են նրան Ազգային Ժողովում և հանրության կողմից: Այսուհանդերձ, մասնավորապես մեծ պահքի շրջանում, նշենք, որ որևէ մեկի նկատմամբ թշնամանք չունենք և որպես քրիստոնեական հավատքի հետևորդներ, ուզում ենք մեջբերել Ներսես Շնորհալու տողերից՝ խնդրելով` թողություն շնորհել մեր թշնամիներին և ատողներին` մեր դեմ գործած հանցանքների համար, որպեսզի նրանք էլ արժանի լինեն Աստծո ողորմածությանը: Թող Աստված իմացություն տա նրանց և պահպանի գալիք փորձություններից:
Վարդան Ղուկասյանի գրասենյակ