«Պետք է գտնել 20-25 մաքուր մարդ»
Այսօր Ազատության հրապարակում բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստի բանախոս արաբագետ Արայիկ Հարությունյանն իր ելույթի սկզբում նշեց, որ ինքը չի քվեարկել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, այլ փչացրել է իր քվեաթերթիկը:
«Ընտրություններից առաջ շատ էի լսում այն կարծիքը, թե ինչպե՞ս ընտրենք Րաֆֆիին, որովհետև նա քաղաքական թիմ չունի կամ ցույց չի տալիս իր թիմին: Քննարկումներ կային, որ եթե նա ցույց տա այդ թիմին, կգնան վարկաբեկումները, կսկսեն քննարկել այդ թեկնածուներին և ուշադրությունը մաքսիմալ կշեղեն, բայց ես կարծում եմ, որ հնարավոր է Հայաստանի Հանրապետությունում ամեն մի ոլորտի համար գտնել 20-25 հոգի, ովքեր մաքսիմալ մաքուր կլինեն: Այսօր տեսնում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին անձնական և իր անցած ճանապարհի առումով չեն քննադատում, այլ շատ հուզական քննադատություն է գնում, այսինքն՝ եթե կարողանանք նմանատիպ 20-25 մարդ գտնել, էստեղ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Դրանով ավելի կամրապնդվի այս պայքարը»,- ասաց Ա. Հարությունյանը:
Ըստ նրա՝ եթե իրենք գտնեն այդպիսի 20-25 մարդ, ապա դա կարող է բեկումնային լինել: Եվ այդ թիմը ապրիլի 9-ին կարելի է ներկայացնել ժողովրդին, որը կառաջնորդի մեր պետությունը: