«Հրայր Թովմասյանի պես իրեն պաշտոնյայի տեղ դրած տղան անգամ չի կարող օրենք կիրառի»

Վերջին օրերին դարձյալ ՔԿՀ-ում կալանավորների ինքնավնասման կամ հացադուլի, աչքեր ու շրթունքներ կարելու դեպքերը նկատելի ավելացել են: Վերջին դեպքը Արթիկ ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Այվազյանինն էր, ով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացավ բերանը կարած և միայն շրթունքի մի ծայրի թելն էր քանդել, որպեսզի կարողանար խոսել ու հայտարարել, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից:

Galatv.am-ը ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի կարծիքն է հարցրել: Ի՞նչն է ստիպում կալանավորին գնալ այդ քայլին: Արդյո՞ք ճաղերից դուրս տեղի ունեցող իրադարձությունները, հասարակական ընդվզումը կարող են նպաստել, թե՞ կալանավորը այս կերպ բողոքում է ՔԿՀ-ում առկա խնդիրներից:

Սարգիս Հացպանյանը, ով 2008 թ-ի քաղաքական իրադրություններից հետո հայտնվել էր կալանավայրում, և նաև ստացվել էր այնպես, որ տևական ժամանակ նաև հացադուլ էր հայտարարել կալանավայրում, պատասխանել է.

«Կալանավայրում եղած ժամանակ ծեր և հիվանդ մարդկանց հետ հացադուլի էինք նստել՝ անժամկետ հացադուլի: Երկրի արդարադատության նախարարը՝ Հրայր Թովմասյանը, եկել էր տեսակցության և մեզ ոտ ու ձեռ էր ընկել, թե՝ մի՛ արեք… բայց արել ենք նրա համար, որ ինչ-որ փաստաթղթերով, օրենքով դատապարտյալին հասնում է, պիտի տային, պիտի անեին… մենք դա էինք իրանց ուզում հասկացնել: Դրա համար ես եմ կազմակերպել կալանավայրում հացադուլ և շատ էլ ճիշտ եմ արել, ու իրենց ծնկի ենք բերել: Իրենք ստիպված եղան մեր հացադուլից հետո գնալ այն քայլերին և սկսեցին օրենքը կիրառել: Էս իշխանությունը մարդկային լեզու չի հասկանում, երբ որ իրեն մարդավարի ասում ես՝ լսի, դո՞ւ ես գրել այս օրենքը, այս օրենքը կա՞, հա՞, կիրառի, ա՛յ մարդ, կիրառի՛: Նույնիսկ Հրայր Թովմասյանի պես իրեն պաշտոնյայի տեղ դրած տղան չի կարող կիրառի… եղած օրենքի մասին եմ ես խոսում… Քրեակատարողական հիմնարկները խայտառակություն են, խայտառակություն, և ես Հրայր Թովմասյանին ասել եմ, որ եթե ես լինեի քո տեղը, ՔԿՀ-ում մի հատ պրոբլեմ չէր մնա: Ես մի բան կանեի, օրենքը կկիրառեի, ոչ թե մարդկանց կդնեի թուրք ռազմագերու տեղ և ինչ ուզեի՝ անեի ու հետն էլ փողեր աշխատեի: ՔԿՀ-ներում շրջանառվող դրամը Հայաստանի բյուջեի պատկառելի մասն է կազմում, և այնտեղ ստվերային մեծ փող կա, որից իրենք չեն ուզում զրկված լինել, ուստի ՔԿՀ-ներում որ վիճակն այսպես է, նախ և առաջ պատասխանատուն Հրայր Թովմասյանն է»:

Տեսանյութեր

Լրահոս