Թուրքիայի և Հունաստանի միջև չկա խնդիր, որը հնարավոր չէ լուծել․ Էրդողանը՝ Միցոտակիսին
Թուրքիայի և Հունաստանի միջև չկա որևէ խնդիր, որը հնարավոր չէ լուծել։ Ինչպես տեղեկանում ենք Anadolu գործակալությունից, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումից հետո։
«Մենք հույս ունենք լուծել մեր խնդիրները կառուցողական երկխոսության, բարիդրացիական հարաբերությունների միջոցով՝ միջազգային օրենքի հիման վրա», – մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը։
«Ողջ տարածաշրջանի շահերից կբխի Կիպրոսի հարցում հասնել արդար, տևական և կայուն լուծման՝ հիմնվելով կղզու իրողությունների վրա», – հավելել է նա։
Էրդողանը նաև նշել է, որ ցանկանում է «օրինակ ծառայել աշխարհին»՝ Թուրքիայի և Հունաստանի միջև համատեղ քայլերի ձեռնարկմամբ։
Թուրքիայի նախագահը Հունաստան է այցելել դեկտեմբերի 7-ին։ Էրդողանի խոսքով՝ կողմերը հանդիպման ընթացքում տեսակետներ են փոխանակել Էգեյան ծովի և Միջերկրական ծովի արևելյան հատվածի վերաբերյալ իրենց դիրքորոշումների շուրջ։