Հոգեճնշող վիճակում ինքնավնասում էր արել, ապա ավազակության մասին հաղորդում տվել
Դեկտեմբերի 5-ի կեսգիշերն անց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ որպես տաքսի շահագործվող իր «Նիսան» մակնիշի մեքենայում ուղևորը դանակահարել է իրեն և հափշտակել բջջային հեռախոսն ու 8000 դրամը: Րոպեներ անց «Արմավիր» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել. Արշալույս-Մեծամոր ճանապարհահատվածից շտապօգնության խումբը որովայնի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 33-ամյա երիտասարդի:
Մեկնել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբն ու ՊԾ կարգախումբը: Պարզվել է, որ անհայտ անձը Հովտամեջ գյուղի գյուղմթերքի շուկայի մոտ կանգնեցրել է 33-ամյա երիտասարդի մեքենան՝ Արշալույս գյուղ գնալու նպատակով: Ճանապարհին, սակայն, կանգնեցնելով մեքենան՝ դանակով խփել է վարորդի որովայնին ու հափշտակել 8000 դրամ և բջջային հեռախոսը:
ՆԳՆ ՔՈԳ վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է, որ 33-ամյա երիտասարդը, ունենալով մեծ քանակությամբ վարկեր ու պարտքեր և լինելով հոգեճնշող վիճակում, դեկտեմբերի 5-ի կեսգիշերին նախապես գնված խոհանոցային դանակով վնասել է իր որովայնը և նստելով օրավարձով վերցրած «Նիսանը»՝ ուղևորվել է Արմավիր քաղաքի ուղղությամբ:
Այդ ընթացքում ինքնազգացողությունն աստիճանաբար վատացել է, և նա ահազանգելով ոստիկանություն՝ ավազակային հարձակման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է արել: Իսկ բջջային հեռախոսն օրեր առաջ գրավադրել էր Զովունի գյուղի գրավատանը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: