Անդրիաս Ղուկասյանը կմիանա՞ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ քաղաքացիները պետք է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին միանան անհատական հացադուլներով՝ պայքարն ուժեղացնելու համար:

168.am-ը նախկին թեկնածուից հետաքրքրվեց, թե՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել, ըստ էության, նույն պահանջով, ինչ նախկինում Դուք՝ ևս մեկ անգամ կհայտարարե՞ք հացադուլ, Ա. Ղուկասյանը պատասխանեց. «Եթե պահանջ առաջանա, որ ես ևս միանամ՝ կմիանամ: Ես պատրաստակամ եմ հացադուլ հայտարարել»:

Ի պատասխան հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե ցանկություն եք հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հացադուլ անել, բայց վերջինս չի համաձայնել, Ա. Ղուկասյանը հերքեց՝ ասելով, թե դա իրականությանը չի համապատասխանում: Նա վստահեցրեց, թե ինքը Րաֆֆի Հովհաննիսյանին նման առաջարկով չի դիմել:

Անդրիաս Ղուկասյանը նաև նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը հնարավորություն կտա իշխանությունների առջև ուլտիմատում ներկայացնել, պահանջել, որ մինչև ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը ինքնաբացարկ հայտնի:

Սա, ըստ նրա, ստեղծված իրավիճակում, ամենաառաջնային քաղաքական լուծումն է, որը պետք է իրականացնել: Իսկ թե որքանո՞վ է իրատեսական այս պահանջը, Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ որոշ առումով դրա իրականացումը կախված է քաղաքացիական հասարակության դրսևորած կամքից:

Նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ եթե Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին «կեղծ երդում տա մեր Սահմանադրության և Աստվածաշնչի վրա, եթե  Վեհափառ Հայրապետը պղծի Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրայով»:

Այս առնչությամբ լրագրողները հետաքրքրվեցին, թե գործը կհասնի՞ դիակի վրայով երդում տալուն, ինչին ի պատասխան Ա. Ղուկասյանը շեշտեց. «Սերժ Սարգսյանն 2008 թվականին երդվել է տասը դիակների վրա: Նրա համար, առհասարակ, երդումներ տալ դիակների վրայով, կարծես թե, հոգեբանորեն բարդ ու անթույլատրելի դրություն չէ: Որևէ քաղաքական գործչի կամ քաղաքացիների մահը քրեաօլիգարխիկ այս համակարգի համար խոչընդոտ չէ»:

Տեսանյութեր

Լրահոս