Օրիգինալ նվերների 80 տոկոսը նվիրում են կանայք, 20 տոկոսը՝ տղամարդիկ (լուսանկարներ)

«Հայերը նվերներն ընտրելիս առավել շատ ուշադրություն են դարձնում նվերի օրիգինալությանը»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց «Made in Hayastan»  նախագծի հեղինակ Սամվել Ամիրաղյանը:

168.am-ն արդեն տեղեկացրել էր «Made in Hayastan» ապրանքանիշի ստեղծման մասին: Տարիներ առաջ Հայաստանում, այսպես ասած՝ ընդունված էր միմյանց նվերներ մատուցել միայն առիթների դեպքում, սակայն այսօր մարդիկ այնքան էլ կարևորություն չեն տալիս դրան և անակնկալ ու յուրահատուկ նվերներ են մատուցում միմյանց ցանկացած օր:

Այդ իսկ պատճառով Հայաստանում վերջին տարիներին բացվեցին օրիգինալ նվերների on-line և առձեռն խանութներ, որոնք, ցանկացած տոնին ընդառաջ, ցանկացած առիթով մարդկանց առաջարկում են հետաքրքիր և չկրկնվող նվերների ընտրանի: Շատ կարճ ժամանակում նման խանութ-սրահները հայ հասարակության շրջանում մեծ հատաքրքրություն և պահանջ առաջացրին՝ ստիպելով խանութի սեփականատերերին՝ մտածել նորամուծությունների մասին:

«Ես սիրում եմ գեղեցիկ նվերներ նվիրել իմ հարազատներին: Ուշադրություն եմ դարձնում այն հանգամանքին, որ նվերը չլինի ստանդարտ, լինի օրիգինալ ու իր մեջ հումոր պարունակի: Կարծում եմ՝ անհրաժեշտության այն պարագաները, որ մարդիկ որպես նվեր են մատուցում, յուրաքանչյուր մեկը կարող է իր համար գնել և վստահաբար կգնի իր համար առավել լավը, քան դու կարող ես նվիրել: Ուստի, ես նախապատվությունը տալիս եմ հետաքրքիր, ուրախ, զավեշտալի նվերներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Լիլիթ Առաքելյանը:

«Մեր հասարակությունը սկսել է տոներին առավել մեծ նշանակություն տալ: Մարդիկ ցանկանում են յուրահատուկ նվերներ մատուցել իրենց սիրելիներին, ընկերներին ու հարազատներին: Եթե խոսենք անցած և գալիք տոների ժամանակ մեր ստացած պատվերների մասին, ապա կասեմ, որ դրանց թիվը բավական մեծ էր: Որքան էլ զարմանալի է, Վալենտինի տոնը մեզ մոտ նշվեց առավել բուռն, քան Մարտի 8-ը: Չգիտեմ՝ ինչո՞վ է դա պայմանավորված, բայց կրեատիվ պատվերների պակաս այդ օրերին չի եղել: Հակառակ դրան, մարտի 8-յան աշխուժություն գրեթե չնկատվեց: Ամեն բան առավել հանգիստ անցավ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ս. Ամիրաղյանը:

Վերջինս, խոսելով ամենապահանջված նվերների մասին՝ նշեց, որ այսօր հայ ազգն իր նախապատվությունը տալիս է բարձերին, ափսեներին, որոնց վրա ընկերությունը պատկերում է պատվիրատուի նախընտրած պատկերը կամ նկարը: «Ասեմ, որ այսօր նվերի ընտրության մասին առավել շատ մտածում են կանայք, քան տղամարդիկ: Տոկոսային հարաբերակցությամբ մեր պատվիրատուների 80 տոկոսը կանայք են, 20 տոկոսը՝ տղամարդիկ: Շատ ուրախալի է նաև այն փաստը, որ մենք այսօր մեր ազգային, կրոնական տոներին ենք մեծ ուշադրություն դարձնում: Մի քանի օրից Զատիկի տոնն է:

Մարդիկ արդեն սկսել են մտածել տոնին համահունչ սփռոցներ, ափսեներ, բաժակներ ձեռք բերելու մասին: Ուրախալի է այն փաստը, որ մարդիկ այդ տոնին ընդառաջ՝ միմյանց համար տոնի խորհրդով նվերներ են պատրաստում: Չէի սպասում, որ Զատիկի տոնը նման աշխուժություն կառաջացնի: Աշխուժություն կա, ու ես հույս ունեմ, որ այդպես կլինի գալիք բոլոր տոների ժամանակ: Ամեն դեպքում հաճելի է, երբ մտածում են՝ ի՞նչ նվեր ընտրել, ինչպե՞ս այն ձևավորել կամ մատուցել»,- ասաց Ս. Ամիրաղյանը:

Տեսանյութեր

Լրահոս