Արաքս գետի հունը խախտելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների տնօրենների նկատմամբ

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Մասնավորապես՝

«Արև Սյուզի» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Հ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք, շեղվել է Ընկերությանը տրամադրված կոորդինատներից, արդյունահանել պետական սեփականություն հանդիսացող՝ 2748 խմ ծավալով լեռնային զանգված՝ խախտելով Արաքս գետի հունը: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 1 մլն 359 հազար դրամի գույքային վնաս, խախտվել է Արաքս գետի հունը, վատթարացել է հողի որակը, կորսվել է մեծածավալ քանակի օգտակար հանածո: Միևնույն ժամանակ, Կ.Հ.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չի վճարել 5 մլն դրամ տուգանքը:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Կ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով (ընդերքի պահպանման կամ օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջը խախտելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, շրջակա միջավայրին կամ առաջացրել է այլ ծանր հետևանք) և 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը՝ հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու կամ օգտագործելու կանոնը խախտելով կամ այլ եղանակով հողն աղտոտելը, թունավորելը կամ այլ կերպ փչացնելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին կամ ջրերին կամ առաջացրել է այլ ծանր հետևանք):

«Սարգիս և Պապ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ղ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2023 թվականի մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք, շեղվել է Ընկերությանը տրամադրված կոորդինատներից և արդյունահանել պետական սեփականություն հանդիսացող՝ 63834 խմ ծավալով լեռնային զանգված: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 5 մլն 126 հազար դրամի գույքային վնաս, իսկ պետության օրինական շահերին՝ էական վնաս. վատթարացել է հողի որակը, կորսվել է մեծածավալ քանակի օգտակար հանածո: Միևնույն ժամանակ, Ս.Ղ.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չի վճարել 5 մլն դրամ տուգանքը:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Ս.Ղ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով:

«Սերտիգ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ա.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, չունենալով նախատեսված թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք, շեղվել է Ընկերությանը տրամադրված կոորդինատներից և արդյունահանել պետական սեփականություն հանդիսացող՝ 63834 խմ ծավալով լեռնային զանգված: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 4 մլն 892 հազար դրամի գույքային վնաս, իսկ պետության օրինական շահերին՝ էական վնաս. վատթարացել է հողի որակը, կորսվել է մեծածավալ քանակի օգտակար հանածո: Միևնույն ժամանակ, Ս.Ա.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չի վճարել 5 մլն դրամ տուգանքը:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Ս.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս