Բաժիններ՝

ՄԱԿ-ը հումանիտար դադարի կոչ է արել պաղեստինաիսրայելական հակամարտությունում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ) հումանիտար դադարի կոչ է արել պաղեստինաիսրայելական հակամարտության շրջանի մարտական գործողություններում՝ Գազայի հատվածում կարիքավորներին օգնելու համար:

Գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին հայտարարել է, որ տուժածների մոտ մուտքը պետք է ապահովվի անհապաղ։

«Մենք կրկնում ենք ՄԱԿ-ի հումանիտար դադարի կոչը՝ ապահովելու օգնության առաքումը և կանխելու Գազայի քաղաքացիական բնակչության հետագա տառապանքներն ու մահերը: Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական օգնության անհապաղ և անխոչընդոտ հասանելիությունը», – մեջբերում է ՏԱՍՍ-ը Շամդասանիի խոսքերը Ժնևում կայացած ճեպազրույցից։

Անդրադառնալով Գազայի հատվածի հյուսիսից հարավ բնակչության տարհանման իսրայելական իշխանությունների հրամանին, ՄԻԳՀԳ-ի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ «Իսրայելի՝ որպես օկուպացիոն տերության կողմից բնակչության «ցանկացած օրինական ժամանակավոր տարհանում» պետք է ուղեկցվի է «բոլոր տարհանվածներին պատշաճ կացարանների տրամադրմամբ», ինչպես նաև հիգիենայի, առողջության, անվտանգության և սննդի պայմանների ապահովմամբ։

«Դատելով ըստ ամենայնի՝ Իսրայելը ոչ մի փորձ չի արել՝ ապահովելու դա 1,1 միլիոն քաղաքացիական անձանց համար, որոնց հրամայված է տեղափոխվել», – արձանագրել է Շամդասանին:

ՄԻԳՀԳ-ում «մտահոգված են, որ այս հրամանը, Գազայի լիակատար շրջափակման հետ զուգորդված, չի կարող համարվել օրինական ժամանակավոր տարհանում և, հետևաբար, կհամարվի քաղաքացիական անձանց հարկադիր տեղահանում՝ միջազգային իրավունքի խախտմամբ:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։ Երկու կողմերում զոհերի թիվը գերազանցել է 4200-ը, վիրավորների թիվը գրեթե 11 000 է։ ՀԱՄԱՍ-ի մոտ, ըստ Իսրայելի, պատանդ է պահվում 199 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս