Հրամանատարը մեղադրվում է զինծառայողներին ստորացնելու մեջ
ՀՀ ՊՆ N զորամասի 1 ուս. վաշտի հրամանատար, կոչումով մայոր Արտաշես Դարբինյանը 2012թ. հոկտեմբերին հանձնարարել է նույն զորամասի զինծառայող Թ.Առաքելյանին կազմակերպել տարածքի մաքրությունը, վերջինս էլ իր հերթին տարածքի մաքրության կազմակերպումը հանձնարարել է զորամաս գործուղված ժամկետային զինծառայողներ Ս.Միրզոյանին և Ա.Պետրոսյանին:
Արտաշես Դարբինյանին առաջադրված մեղադրանքից պարզ է դառնում, որ տարածքը մաքրված չլինելու պատճառով նա իր մոտ է կանչել Թ.Առաքելյանին և այդ կապակցությամբ դիտողություն արել նրան, այնուհետև Թ.Առաքելյանը Ա. Դարբինյանի աշխատասենյակ է ուղեկցել Ս.Միրզոյանին և Ա.Պետրոսյանին, որտեղ Ա.Դարբինյանը մաքրությունը ժամանակին չկատարելու համար այս անգամ զինծառայողներին է դիտողություն անում: Բացի դա նրանց հագին տեսնելով չսահմանված տիպի երկարաթև շապիկներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ անպարկեշտ ձևով ստորացրել է նրանց պատիվն ու արժանապատվությունը, այն է սկզբում պատռել Ա.Պետրոսյանի հագին եղած շապիկը, այնուհետև Ս.Միրզոյանի շապիկը, ապա ապտակել վերջինիս:
Արտաշես Դարբինյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով։
Գործը քննվում է Արարատի և Վայոց ձորի մարզ ընդհանուր իրավասության դատարանում՝ Գագիկ Սարգսյանի նախագահությամբ, իսկ հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 21-ին: