Բաժիններ՝

Կատարի միջնորդությամբ ուկրաինացի մի քանի երեխաներ Ռուսաստանից վերադարձել են հայրենիք

Կատարի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանից ուկրաինացի մի քանի երեխա վերադարձել է հայրենիք։ Այս մասին հաղորդել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«Կատարն ուրախությամբ հայտարարում է ուկրաինացի երեխաներին Ուկրաինայում ընտանիքների հետ վերամիավորելու գործընթացի հաջողության մասին և դա համարում է կարևոր քայլ մնացած երեխաներին ընտանիքների հետ վերամիավորելու ուղղությամբ»,- ասվում է Կատարի արտգործնախարարության X-ի էջում հրապարակված հաղորդագրությունում։

Գերատեսչության խոսնակն ավելի ուշ լուսանկարներ է հրապարակել՝ երախտագիտություն հայտնելով Ռուսաստանին և Ուկրաինային՝ երեխաների և ընտանիքների վերամիավորմանն իրենց հանձնառության համար։

Խոսնակը նշել է, որ Կատարը կշարունակի այս համատեքստում և այլ հարցերի շուրջ իր միջնորդական ջանքերը։

Ըստ տարբեր արևմտյան լրատվամիջոցների՝ Ուկրաինա է վերադարձվել 4 երեխա, որոնցից երկուսն արդեն վերադարձել են հարազատների մոտ, իսկ մյուս երկուսը կվերամիավորվեն ընտանիքների հետ առաջիկա օրերին։

Ըստ The Washington Post-ի՝ Կատարի միջնորդությամբ բանակցությունները տևել են մի քանի ամիս և տեղի են ունեցել Ուկրաինայի կառավարության խնդրանքով։

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան հայտնել էր, որ ուկրաինական իշխանությունների հետ կապուղիների միջոցով աշխատանքներ են տարվում ռուս երեխաներին Ռուսաստան, իսկ ուկրաինացի երեխաներին՝ Ուկրաինա տեղափոխելու ուղղությամբ։ Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ աշխատանքներ են տարվում յուրաքանչյուր կողմից 15 երեխայի գործերով։

Ուկրաինական կողմը բազմիցս մեղադրել է Ռուսաստանին երեխաներին առևանգելու և իր տարածք տեղափոխելու մեջ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսին հայտարարել էր, որ Ռուսաստանի ներկայացուցիչները երեխաներին դուրս են բերել հակամարտության գոտուց՝ փրկելով նրանց կյանքն ու առողջությունը, և որ Մոսկվան երբեք մտադիր չի եղել երեխաներին բաժանել ծնողներից և դեմ չի լինի նրանց վերամիավորմանն ընտանիքների հետ, եթե նրանց հարազատները հայտնվեն։

Հաագայի Միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին Պուտինին մեղադրանք է առաջադրել պատերազմական հանցագործության համար՝ ՌԴ վերահսկողության տակ անցած տարածքներից ուկրաինացի երեխաներին անօրինական ճանապարհով Ռուսաստան տեղափոխելու համար։ Պուտինի հետ միասին ձերբակալության հրաման է տրվել նաև Մարիա Լվովա-Բելովայի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս