Բաժիններ՝

Պուտինը հայտարարել է, որ BRICS-ի երկրների տնտեսություններն առաջ են անցել G7-ից

BRICS-ի երկրների տնտեսությունները Յոհանեսբուրգում միավորման գագաթնաժողովի պահին գնողունակության պարիտետով առաջ են անցել «Մեծ յոթնյակից» (G7): Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Մեդիակորպորացիային տված հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է BRICS-ին, ապա Յոհանեսբուրգի գագաթնաժողովի պահին արդեն «յոթնյակի» և BRICS-ի երկրների տնտեսությունների հարաբերակցությունը BRICS-ի օգտին էր գնողունակության պարիտետի առումով», – նշել է Ռուսաստանի ղեկավարը։

«BRICS-ին ևս վեց անդամների միանալուց հետո հարաբերակցությունը դարձել է է՛լ ավելի մեծ՝ հօգուտ BRICS-ի երկրների», – նշել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով` դա բազմաբևեռ աշխարհի ձևավորման օբյեկտիվ գործընթացի դրսևորումն է։

Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարը, այդ արդյունքները նշանակում են, որ BRICS-ին բոլոր անդամակցած երկրները պաշտպանում են բազմաբևեռ աշխարհի գաղափարն ու հայեցակարգը, ոչ ոք չի ցանկանում լինել երկրորդի դերում «ինչ-որ սուվերենի» կողքին:

BRICS-ը ստեղծվել է 2006 թ.-ին։ Դրա կազմի մեջ սկզբում մտնում էին Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը։ Այնուհետև BRICS-ի կազմի մեջ մտավ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Օգոստոսին Յոհանեսբուրգում ընթացող BRICS-ի գագաթնաժողովում որոշում է ընդունվել միավորում հրավիրել ևս վեց երկրի՝ Արգենտինային, Իրանին, Եթովպիային, Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին։ Նրանք BRICS-ի պաշտոնական և լիիրավ անդամներ կդառնան 2024 թ. հունվարի 1-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս