Բաժիններ՝

Վիճաբանություն՝ Վ. Ղուկասյանի փեսայի սպանության գործով դատական նիստի ժամանակ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատաքննությունը այսօր շարունակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը դարձյալ անցել է լարված մթնոլորտում: Նախ լեզվակռիվ տեղի ունեցավ սպանված տղայի՝ Կարեն Եսայանի մոր և ամբաստանյալ Հարություն Սարգսյանի միջև: Վկաների հարցաքննության ժամանակ, երբ փորձեց տեղից խոսել Հարություն Սարգսյանը, սպանված տղայի մայրը դիմեց Հարությունին՝ ասելով.«Դու լռի՛ր, դու իրավուք չունես խոսելու, հիմա եկել է ժամանակը, որ մենք պիտի խոսենք, մատդ մի՛ բարձրացրու, մատդ պիտի կոտրվի, ես կհանգստանամ միայն այն ժամանակ, երբ դու գտնես քո արժանի պատիժը և ընտանիքդ էլ զգա այն, ինչ ես եմ զգացել»: Իսկ ամբաստանյալ Հարություն Սարգսյանը պատասխանում էր. «Ես չեմ ձեր տղային սպանողը, թույլ տվեք, որ դատարանը գտնի իրական հանցագործին»:

Այնուհետև այդ լեզվակռիվը վերածվեց վիճաբանության արդեն ընդմիջման ժամանակ: Հարություն Սարգսյանի ազգականների և տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանի վիճաբանությանը միջամտել են դատական կարգադրիչները:
Իսկ դատարանն այսօր լսեց գործով վկա համարվող Աննա Գրիգորյանին, ով Գյումրու բնակիչ է, մասնագիտությամբ՝ մանկավարժ: Նրա ամուսինը նաև ամբաստանյալ Հարություն Սարգսյանի ազգականներից է: Տուժող կողմը վստահ է, որ Կարեն Եսայանի սպանությունից առաջ ավտոլվացման կետի տեսախցիկները, ուր այդ օրը եղել է նաև Կարենը, արձանագրել են այն կասկածելի մեքենան, որը իբր վարել է Հարությունը, սակայն մեքենան պատկանում է հենց հարցաքննվող տիկնոջը՝ Աննա Գրիգորյանին:
Աննա Գրիգորյանը դատարանում պատմեց, որ նրան նախաքննության մարմինները ոչ պատշաճ ձևով են կանչել հարցաքննության ու բացի այդ, ստիպել են ցուցմունք տալ ու գրել այն, ինչի հետ ինքը համաձայն չի եղել:
«Սեպտեմբեր ամիսն էր, չեմ հիշում՝ ո՞ր օրը, մեր դուռը թակեց մի հատ տղա, ասաց. «Գրիգորյան Աննան դո՞ւք եք»,- ասացի՝ այո՛, զանգեց իր հեռախոսով ու տվեց ինձ: Վերցրի հեռախոսը՝ ասաց, որ «քննիչ Էդգարն է, երբ կարո՞ղ եք գալ քննչական»,- հարցրի՝ ինչի՞ համար…»,-պատմեց վկան:
Նա ասաց նաև, որ քննիչը չի ասել, որ հրավիրելու են հարցաքննության, այլ պարզապես կանչել է «մի հարց» տալու համար, դրա համար Աննան քննչական բաժին է գնացել 12-ամյա տղայի հետ՝ դպրոցի դասերից հետո:
«Ասաց, որ որպես վկա պետք է ցուցմունք տամ Կարեն Եսայանի սպանության գործով: Շատ վախեցա, խնդրեցի, որ թողնեն գնամ: Իսկ քննիչը թուղթ տվեց, թե՝ գրի: Ես ուզում էի գրել, որ հրաժարվում եմ ցուցմունք տալուց, բայց ինքը պնդեց, որ ցուցմունք եմ տալու, քանի որ գործերն արդեն պիտի ուղարկեն Երևան: Ես ասացի՝ցուցմունք չեմ տա: Ես պահանջեցի ցուցմունք դատապաշտպանով: Երեխայիս դուրս հրավիրեցին սենյակից ու սկսեցին հարցաքննել բանավոր, հետո համոզեցին, որ պետք է գրեմ, ուզեցա թղթի վրա գրեի, որ ես հրաժարվում եմ ցուցմունք տալուց, թուղթը ձեռքով հետ քաշեց, հետո, համոզելով և ստիպելով, ցուցմունք գրել տվեց»,-պատմեց Աննա Գրիգորյանը դատարանում:
«Գնաց օրեսգիրքը բերեց ու կարդաց, ասաց, որ եթե ցուցմունք չտամ, 2 ամիս կալանք է հասնում, տուգանք և աշխատանքից հեռացում: Ինքը հարցնում էր՝ ինչպե՞ս եմ իմացել սպանության մասին, իսկ ես ասացի՝ հեռուստացույցով: Մեքենայից հարցրեց, թե սա ձե՞րն է, ասի՝ այո՛: Հետո ասաց.«Աննա՛,այսքան ժամանակվա էս պտի լղեիր ու գնայիր»,- ընթացքում զանգեր էին գալիս ու չէր թողնում զանգերին պատասխանեի»:
Աննա Գրիգորյանն ասաց, որ իր նախաքննական ցուցմունքը սկզբից մինչև վերջ կեղծիք է , քանի որ գրել է իր ձեռքով, բայց ոչ իր ցանկությամբ. «Ես ասում էի՝սխալ է, ինքն ասում էր՝գրի՛, գնա»:
Նա նախաքննության ժամանակ գրել էր, որ մեքենան Հարություն Սարգսյանի ընտանիքինն է, պարզապես իր՝Աննայի անունով են ձևակերպել, իսկ այսօր դատարանում այլ բան փաստեց. «Մերսեդեսը մերն է: Հարությունի հայրը՝ Սամվել ձյաձյան, ինքը առողջական խնդիրներ ուներ, ինքը գնաց Գերմանիա, մենք էլ խնդրեցինք, որ մեքենա բերեր մեզ համար՝ մեր գումարով, ու նա չմերժեց, բերեց»:
Աննան ասաց նաև, որ ինքն ու ամուսինը մեքենա վարել չգիտեն, դրա համար մեքենան սովորաբար վարել են կամ ամբաստանյալը, կամ նրա հայրը: Նրանք նաև ավտոտնակ չեն ունեցել, այդ իսկ պատճառով մեքենան կայանել է Հարություն Սարգսյանի բակում:
Տուժող կողմի ներկայացուցիչների կասկածանքներին նա պատասխանեց այս կերպ. «Այ քեզ բան, հետո ի՞նչ, որ մենք քշել չգիտենք, փող եմ ունեցել, մեքենա եմ առել, հետ եմ գցել»:

Աննայի պատմելով՝ Կարեն Եսայանի սպանության դեպքից որոշ ժամանակ առաջ դարձյալ մեքենան Հարություն Սարգսյանը եկել է վերցրել՝ նախ վերանորոգելու, ապա՝ վարելու համար:
Դատական նիստը Աննա Գրիգորյանի հարցաքննության ավարտից հետո դարձյալ հետաձգվել է։
Գալա TV

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս