Օդապարիկը հայտնվել է Հրազդանի կիրճում՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի տարածքում
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Հրազդանի կիրճում ՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի մոտակայքում օդապարիկ է արգելափակվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ փրկարարների օգնության կարիք չկա. օդապարիկում առաջացել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով էլ օդապարիկն անվտանգ վայրէջք է կատարել:
Քիչ առաջ օդապարիկի մեջ գտնվող քաղաքացիներին օգնության են հասել նաև հատուկ մասնագետներ, ովքեր վառելիք են փոխանցում, ինչից հետո այն պետք է լիցքավորվի և օդապարիկը «կշարունակի օդում իր ճախրանքը»: