Հայաստանի հյուրանոցներում ապրում է ԼՂ-ից բռնի տեղահանված 7782 անձ․ ՏԿԵն նախարար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 80 հազար 128 անձ տեղաբաշխվել է Հայաստանի 10 մարզերում։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ նրանք տեղաբաշխվել են հյուրանոցներում, հյուրատներում, հարմարեցված շենք-շինություններում և անհատական բնակելի տներում։

«Ի ուրախություն մեզ՝ այն բնակության համար հարմարեցված շենք-շինություններում, որտեղ ստիպված էինք եղել մեր հայրենակիցներին բնակեցնել, օրեցօր այնտեղ բնակվողների թիվը պակասում է՝ հասնելով 1629-ի։ Մեր մարզպետները և համայնքապետերը համակարգված մեր հայրենակիցներին տեղափոխում են բնակության համար ավելի հարմար վայրեր։

Ինչ վերաբերվում է հյուրանոցներին, ապա մեկ օրվա ընթացքում մոտ 300 մարդ հյուրանոցներից տեղափոխվել է առանձին բնակարաններ կամ առանձնատներ։ Հյուրանոցներում այժմ ապրում է 7782 անձ։ 80 հազար 128 անձանցից 56 հազարը կառավարության աջակցությամբ են բնակավայրեր տեղափոխվել»,- ասաց Սանոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս