Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արևմտյան և Ֆրանսիայի Հայոց թեմերի ուխտավորներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Արևմտյան և Ֆրանսիայի Հայոց թեմերի ուխտավորներին` ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հոգեշնորհ Հայր Սուրբը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրել է ուխտավորներին և ընդգծել, որ հայրենիք են ժամանել նաև իրենց զորակցությունը բերելու հայ ժողովրդին այս ծանր օրերին։

Իր սերն ու օրհնությունը փոխանցելով հայորդիներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորել է աշխարհասփյուռ հայոց թեմերից հայորդիների ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունները, հատկապես Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում, ինչը հնարավորություն է ընձեռում նրանց հաղորդ դառնալու Հայրենիքում առկա մարտահրավերներին և բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձել է հայրենազրկված արցախցիների առջև ծառացած դժվարություններին՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին ևս իր գործուն աջակցությունն է ցուցաբերում դրանց հաղթահարման գործում։

Իր խոսքում Նորին Սրբությունը ուխտավորներին հորդորել է իրենց երկրներում բարձրաձայնել Արցախի հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրը, և հետևողական ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել ուխտավոր հայորդիներին Հայրենիքի և Հայ Եկեղեցու նկատմամբ դրսևորվող նվիրումի և անսակարկ սիրո համար։

Տեսանյութեր

Լրահոս