Ուժային կառույցների ղեկավարները կալանավորված ղեկավարության մասով քննարկում են ունեցել և եզրակացության եկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ուժային կառույցներում այս օրերին ակտիվ քննարկվում են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացվող գործողությունները։
Տեղեկացանք, որ ուժային կառույցների ղեկավար կազմը ներքին խոսակցությունների ժամանակ եկել է այն եզրահանգման, որ որքան էլ ջանքեր, գործիքակազմ կիրառեն ու այս կամ այն միջազգային կառույցներ դիմեն, միեւնույնն է, Ադրբեջանի կողմից ձերբակալված ու կալանավորված Արցախի երեք նախագահների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի վերադարձի հարցը քաղաքական է, ու միայն քաղաքական համապատասխան որոշումով կլինի նրանց վերադարձը Հայաստան: Դա, թերեւս, ուժայինների գործը չէ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի դատախազը հետեւողական ջանքերով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ մեղադրանքներ է առաջադրում, հետախուզում եւ կալանավորում:
Քաղաքական բարձրագույն ղեկավարը միայն աչքի է ընկնում կյանքը վայելելու կադրերով: Նիկոլ Փաշինյանը դստեր հետ ընթրիքի է մասնակցում՝ չպահանջելով մեր հայրենակից բոլոր գերիների վերադարձի հարցով քաղաքական ճնշումներ բանեցնել»