«Ելույթներ մի՛ ունեցեք ու ավելի մի նյարդայնացրեք մեզ, լա՞վ». Լուսինե Բադալյանի խնդրանքը՝ Գալուստ Սահակյանին
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը հերթական գրառումն է կատարել ֆեյսբուքի իր էջում։ Նա գրել է.
«Ես, ուշի ուշով հետևելով իրադարձություններին, մի բան հասկացա. ինչ-որ կարևոր բան չի աշխատում…
Եթե դուք Ազատության հրապարակում չեք, դա կարելի է բացատրել,հասկանալ,բայց այ որ ծաղրում եք նրան կամ նրանց, ով կամ ովքեր, թեկուզ թույլ, բայց պայքարում են իրենց իրավունքների ու մեր բարեկեցության համար, դա ոչ՛ կարող եմ բացատրել,ոչ՛ էլ հասկանալ… Կարող եմ ենթադրել միայն, որ դուք կամ մտնում եք այս երկրի բնակչության ընդամենը ասենք 7-15 % ի մեջ, որ ապրում է առանց պարտքերի, որ աշխատավարձը բավականացնում է և՛ միջինը 60.000 կոմունալ վճարելուն, և՛վարկերին, և՛ մյուս բոլոր ծախսերին, և՛ իրավունքները երբեք չեն ոտնահարվել, բյուրոկրատական քաշքշուկի մեջ չի ընկել, և… մի խոսքով` գոհ եք շատ, այսինքն հավանաբար օլիգարխ եք… կամ` պատգամավոր…կամ էլ` հասկացաք…
Ասածս ինչ է՝ ես չեմ հորդորում միանալ պայքարին, դա ձեր գործն է, ինչպես և` իմ, բայց եթե կոնկրետ ու կառուցողական առաջարկներով չեք կարող հանդես գալ, ուրեմն պարզապես լռեք։
Հ.Գ. – ու թախանձագին խնդրանք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, մասնավորապես, Գալուստ Սահակյանին. եթե դեռ ոչ մի բանով չեք թեթևացրել ժողովրդի հոգսը, ելույթներ մի՛ ունեցեք ու ավելի մի նյարդայնացրեք մեզ, լա՞վ»։