Ե՞րբ է ՀՀԿ-ն պատրաստվում տոնել ժողովրդավարության հաղթանակը
Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել, թե երբ է հանրահավաք անցկացնելու՝ փետրվարի 21-ին չկայացած հանրահավաքի փոխարեն կամ առհասարակ նման հանրահավաք կլինի՞, թե՞ ոչ: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը 168.am-ին ասաց, որ դեռևս նորություն չկա ՀՀԿ-ի հավանական հանրահավաքի մասին և իր տարածած նախկին հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունի:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին 168.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակն ասել էր, թե փետրվարի 21-ին իրենք տոնելու են հայ ժողովրդի հաղթանակը:
«Նորություն չկա, երբ լինի՝ կհայտնենք»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք նաև, որ ՀՀԿ-ն փետրվարի 21-ին Ազատության հրապարակի արտոնված հանրահավաքը չեղյալ հայտարարեց, քանի որ նույն օրը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էր ոչ արտոնված հավաք իրականացնում այնտեղ: Հանրահավաքի մեկնարկից ժամեր առաջ տարածված հայտարարության մեջ Էդուարդ Շարմազանովը նշել էր. «Վստահ ենք, որ շատ շուտով մեր ժողովրդի համար խորհրդանշական այդ վայրում բոլորս միասին կտոնենք ազատության և ժողովրդավարության այն հաղթանակը, որը մենք գրանցեցինք մեր երկրում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ»:
168.am-ի այն հարցին, թե նոր հանրահավաքի անցկացման խոչընդոտն արդյո՞ք այն է, որ ՀՀԿ-ն անպայման ցանկանում է Ազատության հրապարակում հաղթանակը տոնել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այն «զբաղեցրել» է անորոշ ժամանակով, Էդուարդ Շարմազանովը պնդեց, թե խնդիրը պարտադիր Ազատության հրապարակում հանրահավաք անելը կամ չանելը չէ:
Նրա խոսքով, հիմա շատ ավելի կարևոր խնդիրներ կան, քան այդ հանրահավաքը:
«Կարծում եմ՝ շատ ավելի կարևոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեր նախագահի երկխոսության կոչին և ոչ թե նրան հրավիրեր Ազատության հրապարակ: Երկխոսությունը ենթադրում է, որ երկու կողմերը նստում են սեղանի շուրջ և խնդիրներ են քննարկում և ոչ թե մի քանի հազար կամ մի քանի հարյուր մարդու մոտ միտինգ են իրականացնում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: