«ՊԲ-ն լուծարվում է, իսկ արցախցիների վստահությունը խաղաղապահների նկատմամբ` 0». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը:

Ժամանակի ու իրադրության փոփոխությունների ժամանակ դրանք անընդհատ վերանայվում են, իսկ հիմա, առավել քան երբևէ, խիստ անորոշ են:

Մինչև 2018-ը կար պաշտպանության բանակն ու Հայաստան պետության անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը:

2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո մեկնարկեց պետականության և որպես դրա հիմնասյուն` զինված ուժերի կազմաքանդման գործընթացը, սակայն բանակն իր դիմադրողականության շնորհիվ դեռ որոշ ժամանակ իր խնդիրը կատարում էր:

Կարդացեք նաև

44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը ոչ միայն պաշտոնապես հետ կանգնեց Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից, այլ դրա ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացրեց:

Դրանից հետո թեև Արցախի պաշտպանության բանակի պահպանության տարածքը մեծացավ, սակայն ներուժն ու ռեսուրսները կտրուկ նվազեցին:

Տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, որոնց գործառույթը ոչ թե ՊԲ-ի հետ անվտանգության ապահովումն էր, այլ պատերազմի կանխումը, ինչը տապալվեց:

Ի՞նչ ունենք այսօր անվտանգության տեսանկյունից` վերջին ագրեսիան հաշվի առնելով:

Անվտանգությունը համակարգային առումով մնաց փլատակների տակ:

ՊԲ-ն լուծարվում է, իսկ արցախցիների վստահությունը խաղաղապահների նկատմամբ` 0:

Ո՞րն է այլընտրանքը: Ի՞նչ անվտանգային միջավայր է ներդրվելու Արցախում և ովքե՞ր ու ի՞նչ ձևով են մարդկանց անվտանգությունն ապահովելու գործառույթ ստանձնելու:

Մինչև այս հարցին Արցախի ներսում պատասխան չլինի մարդիկ ոչ միայն բացառապես մտածելու են դուրս գալու մասին և դա բնական է, այլ իրենց ամենօրյա կյանքը կախված է լինելու ադրբեջանական քմահաճույքներից:

Մի կողմից թվում է, թե գլոբալ գործընթացի տեսանկյունից ամեն բան ակնհայտ է, սակայն մարդկային ճակատագրերի ու պայքարի ռազմավարության առումով` ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս