«Ինչու՞ է հենց այսօր Եվրահանձնաժողովը հայտարարում Ադրբեջանից բնական գազի ներկրման ծավալների ավելացման մասին». Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
«Ինչու՞ է հենց այսօր Եվրահանձնաժողովը հայտարարում Ադրբեջանից բնական գազի ներկրման ծավալների ավելացման մասին:
Եվ ինչու՞ է դա ներկայացնում որպես նորություն:
Հայտնի է, որ ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը 10 մլրդ-ից 20 մլրդ-ի հասցնելու մասին համաձայնությունը Բրյուսելն ու Բաքուն ձեռք են բերել դեռևս 2022 թ.-ի սկզբին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից շաբաթներ անց: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է 2022 թ. հուլիսին: Ընդ որում՝ նախատեսվում է հասնել նշված ծավալներին միայն 2027 թ.-ին:
Բազմիցս անդրադարձել եմ այն հարցին, որ անգամ նշված 20 մլրդ խմ-ն ապահովելով՝ Բաքուն իրական խաղացող չի դառնում տարեկան մինչև 400 մլրդ խմ սպառող և հեղուկացված գազի կշիռն ավելացնող ԵՄ շուկայում: Ուստի, հարցը էներգետիկ դիվանագիտության, եթե ուզում եք՝ քաղաքական սիմվոլիզմի տիրույթում է:
Սակայն դա չէ կարևորը:
Այսօր ներկայացնելով երկու տարի առաջ ձեռքբերված համաձայնությունը որպես նորություն՝ ԵՄ-ն փաստացիորեն ընդգծում է տարածաշրջանում իր առաջնահերթությունները, ինչը վերջերս առավել ցայտուն արտահայտվեց նաև Ջ. Բորելի հայտարարության մեջ: Հիշեցնեմ, որ դրա համաձայն՝ ԵՄ-ն չի պատրաստվում Բաքվի դեմ որևէ պատժամիջոց կիրառել՝ հաշվի առնելով վերջինիս հետ էներգետիկ ոլորտում արդյունավետ համագործակցությունը:
Միաժամանակ, հայտարարելով գազի ներկրման ծավալների ավելացման մասին Հայաստանի ու Արցախի համար այս օրհասական օրերին՝ ԵՄ-ն դիվանագիտորեն ընդգծում է, որ շահագրգռված է մատակարարումների դիվերսիֆիկացման մեջ: Իսկ հաշվի առնելով ՛՛Հարավային գազային միջանցքի՛՛ ցածր թողունակությունը՝ դիվերսիֆիկացիայի համար անհրաժեշտ են նոր գազային երթուղիներ: Դրանցից մեկը այսպես կոչված ՛՛Զանգեզուրյան միջանցքն՛՛ է, որը Բաքուն 2020 թ.- ից ի վեր դիտարկում է ոչ միայն նախիջևանյան էքսկլավի հետ ցամաքային կապ հաստատելու, այլ նաև դեպի Թուրքիա գազի ու էլեկտրաէներգիայի արտահանման երթուղի: Այս սխեմայի մեջ են կողմերը փարձում տեղավորել նաև Անդրկասպյան գազամուղի կառուցումը, որը կարող է էապես փոխել ԵՄ գազի շուկայի կոնյունկտուրան:
Միջանցքի բացումը բխում է ԵՄ շահերից: Դա անհրաժեշտ է սթափ գիտակցել ու պատրաստ լինեն նոր ճնշումների»: