Ո՞վ ենք մենք՝ որպես հայ մարդ, եթե մենակ թողեցինք մեր հայրենակիցներին. Դավիթ Հարությունյան

«Կարելի է Աշոտյանին սիրել, կամ չսիրել, նրա տեսակետների հետ համաձայնվել կամ չհամաձայնվել, բայց Աշոտյանն անմեղ է։ Աշոտյանը կալանավորված է ընդամենը մեկ պատճառով, որովհետև նա ասում է  բաներ, որոնք, բոլորդ էլ գիտեք, թե ում դուր չեն գալիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հայցով դատական նիստից առաջ։

Դավիթ Հարությունյանն ընդգծեց,  միևնույն է՝ Արմեն Աշոտյանը լինելով անազատության մեջ՝  շարունակում է  իր պայքարն ազգակործան պատուհասների հետ, որոնք արհավիրք բերեցին Հայաստան և Արցախ։

«Մենք ապրում ենք մեր կյանքի ամենաողբերգական օրերը։ Այն, ինչ տեղի է ունենում, մեր նորագույն պատմության ամենաամոթալի էջերից մեկն է։ 9 ամիս շարունակ մենք հետևում էինք, թե ինչպես էին հյուծում Արցախը՝ զրկելով մարդկանց սննդից, զրկելով նրանց տարրական կենսական պայմաններից։ Հետո մենք սկսեցինք ուղիղ եթերում հետևել, թե  ինչպես են բնաջնջում մեր հայրենակիցներին, հարյուրավոր զոհեր, տասնյակ անհետ կորած երեխաներ, շրջապատված գյուղեր, իրենց տներում սպանված մարդիկ։ Ո՞վ ենք մենք՝ որպես հայ մարդ, ի՞նչ արժեհամակարգ ունենք, եթե մենակ թողեցինք մեր հայրենակիցներին։ Կարծում եմ՝ այս հարցը շատերն են իրենց տալիս, բազում ողջամիտ մարդիկ՝ զգալով անզորություն, նվաստացում։ Եվ այդ անզորության ու նվաստացման զգացողությունն անընդհատ սրսկվում է մեր հասարակության մեջ   քարոզչամեքենայով՝ նպատակ ունենալով ստեղծել տպավորություն, որ ամեն ինչ անդառնալի է և այլևս ոչինչ հնարավոր չէ անել։ Նպատակը պարզ է՝ անզորությունն ու նվաստացումը վերածել անտարբերության, որը 2020 թվականից հետո հանգեցրեց Արցախի կորստին, անտարբերության, որը դեռ մեզ նոր կորուստներ կբերի»,- հավելեց նա։

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ այսօր շարունակել մնալ անտարբեր, նշանակում է դառնալ այս ոճրագործության հանցակիցը։ Լռությունն այլևս հանցագործություն է։

Կարդացեք նաև

«Եթե համաձայն չեք այս կամ այն քաղաքական ուժին, և որևէ մեկը ձեր դուրը չի գալիս, արտահայտեք ձեզ բողոքը՝ միանալով փողոցում ցանկացած խմբի, սակայն մի լռեք, լռելն իսկապես այսօր ոճրագործություն է»,- ընդգծեց քաղաքական գործիչը։

Միաժամանակ նա ասաց, որ յուրաքանչյուր ոք այսօր պետք է գիտակցի, որ անելիք ունի և այդ անելիքը՝ հրապարակում, փողոցում, աշխատավայրում և այլուր բողոքի  ձայնը բարձրացնելն է։ Հակառակ դեպքում ազգին նորանոր կորուստներ ու դժբախտություններ են սպասվում։

«Ինչպես գիտեք, անարժանապատվություն ընտրելիս՝ ստանում ես թե՛ անարժանապատվություն, թե՛ պատերազմ։ Ես դեռ հույս ունեմ, որ մենք ունակ ենք լինելու արժանապատիվ, որպեսզի փրկենք ողջ մնացածների կյանքը և որպեսզի փրկվենք նոր արհավիրքից»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս