«Լենինյան տեսակետից Րաֆֆի Հովհաննիսյանը ռևիզիոնիստ է»
Ասում է մշակութաբան Վարդան Ջալոյանը
– Պարոն Ջալոյան, ինչպե՞ս կբնորոշեք ներքաղաքական ներկա իրավիճակը: Ի՞նչ համեմատական եզրեր կարող են լինել այս և 2008թ. հասարակության արթնացման միջև:
– Ներքաղաքական վիճակը Հայաստանում չնայած արտաքնապես ավելի կայուն է, քան 2008թ., բայց ավելի վատն է: Ավելի վատն է, առաջին հերթին, տնտեսական իմաստով, որը շատերին դրդում է արտագաղթել: Երկրորդ, վատ է նաև մարդկային պոտենցիալի առումով: Ռոբերտ Քոչարյանից վերցնելով էստաֆետը, Սերժ Սարգսյանը ծավալեց աննախադեպ հալածանքներ. բրեժնևյան տարիներից հետո գրանցվեց յուրօրինակ քաղբանտարկյալների թվի նոր ռեկորդ: Շատ քաղաքական գործիչների և ակտիվիստների ստիպեցին կրավորական կեցվածք ընդունել, որոշ նոր քաղաքական դեմքեր դուրս մղվեցին քաղաքական դաշտից: Դրա փոխարեն՝ ակտիվացան աջ ծայրահեղական, կղերա-պահպանողական ուժերը, որոնք սկսեցին սպառնալիքներ տեղալ, ուժեղացավ կրոնական փոքրամասնությունների հալածանքը, և այլն: Տնտեսական վերնախավը՝ օլիգարխները, այսօր իրենց ավելի սանձարձակ են պահում, ավելացել է ստվերը, շատ մարզերում իրական իշխանությունն անցել է մաֆիոզ խմբավորումներին: Վատ, նշանակում է՝ վատ:
– Արդյոք սա համարո՞ւմ եք շարժում: Զարգացման ի՞նչ հնարավոր սցենարներ եք տեսնում:
– Սերժ Սարգսյանի նախորդ նախընտրական լոզունգն էր՝ «Առաջ, Հայաստան»: Թե որքան առաջ գնաց Հայաստանը` տեսնում ենք: Այստեղից շատերի տարակուսանքը՝ արդյո՞ք այս շարժումը շարժում է: Անշուշտ, շարժում է և շարժ կա, և իշխանությունների համար՝ խիստ անսպասելի: Այլ են ռազմավարության և մարտավարության խնդիրները, որոնք որոշելու են, որքա՞ն տևական և հզոր է լինելու այն:
– Ձեր կարծիքով` ընդդիմության լիդերի տիտղոսը ստացա՞վ Րաֆֆի Հովհաննիսյանը:
– Այդպիսի տիտղոսի գոյության մասին չգիտեմ, բայց կարող եմ նշել Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի տարբերությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ ոտքի կանգնեցնել հարյուր-հազարավոր մարդկանց և նրանց իր հետևից տանել, որն իրենից մեծ ջանք պահանջեց: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծված մոբիլիզացիոն քաղաքականություն չվարեց, նա կարծում էր, որ մարդիկ իրենք կգան իր մոտ, և իր հաշվարկներում գուցե ճիշտ էր: Լենինը խիստ քննադատում էր այն մարդկանց, որոնք հույսը դրել էին բանվոր դասակարգի ինքնաբուխ շարժման վրա, և կարծում էր, որ գիտակից բանվորական շարժում կարող է ձևավորել միայն հեղափոխական կազմակերպությունը: Լենինյան տեսակետից Րաֆֆի Հովհաննիսյանը ռևիզիոնիստ է:
– Ինչո՞ւ ընդդիմադիր ամբողջ դաշտը չի համախմբվում հասարակության պահանջի շուրջ:
– «Հասարակությունը» և «ընդդիմադիր դաշտը» խիստ վերացական հասկացություններ են: Համախմբում տեղի է ունենում այն դեպքում, եթե կա վստահություն: Չեն վստահում՝ չեն համախմբվում: Հասարակությունը թերահավատ է քաղաքական գործիչների նկատմամբ, քաղաքական գործիչները թերահավատ են հասարակության ուժի նկատմամբ և փորձում են իրար հետ պայմանավորվել: Այն տպավորությունն է, որ երկու ընդդիմադիր քաղաքական գործիչ ավելի քիչ են միմյանց վստահում, քան գործող ոչ լեգիտիմ նախագահին: Սա խաղերի տեսության մեջ կոչվում է՝ բանտարկյալի դիլեմա: Բանտարկյալներից մեկը մյուսին առաջարկում է փախչել: Հաջողության դեպքում՝ ազատություն, անհաջողության դեպքում՝ ժամկետի կրկնապատկում, մատնության դեպքում՝ պայմանների բարելավում: Մաթեմատիկան ասում է՝ կարճաժամկետ շահերի տեսակետից շահավետ է մատնելը, երկարաժամկետ շահերի տեսակետից՝ փախուստի փորձը: Դե, դա մենք գիտենք առանց մաթեմատիկայի. հիշենք Արթուր Բաղդասարյանի և մյուսների դեպքերը:
– Ի՞նչ կլինի ապրիլի 9-ից հետո, պարոն Ջալոյան: Արդյո՞ք հերթական անգամ հասարակությունը կհիասթափվի, թե՞ կլինի անսպասելի, անկանխատեսելի լուծում:
– Հիասթափությունը պայմանական հասկացություն է, այն կապված է վստահության կորստի հետ: Ամբիոն բարձրացած մարդիկ այն դիլեմայի առաջ են, որը նշեցի: Եվ ինքը՝ հասարակությունը, հասարակության ամեն մի անդամ այդ դիլեման ունի: Ամեն ինչ մեզանից է կախված: