Սկսվել են ՓՊ Խորհրդի ընտրությունները
ՀՀ փաստաբանների պալատում սկսվել ու մինչև ժամը 17.00-ը կտևի ՓՊ Խորհրդի ընտրությունները: ՀՀ ՓՊ Խորհուրդը կազմված է 12 փաստաբանից, այն ի պաշտոնե գլխավորում է ՀՀ ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանը:
Խորհրդի անդամի պաշտոնին հավակնում է 31 փաստաբան, այդ թվում՝ ներկայիս կազմից առաջադրվել է 8 փաստաբան` Արա Զոհրաբյանը, Լուսինե Սահակյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Գևորգ Գյոզալյանը, Ռուբեն Հակոբյանը, Կարեն Մեժլումյանը: Խորհրդի այդ կազմից չի առաջադրվել 3 փաստաբան՝ Հայկ Ալումյանը, Հայաստան Ստեփանյանը, իսկ Կարինե Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ն և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչությունը:
2013 թվականի մարտի 5-ին, ժամը 11:00-ից մինչև 19:10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել Պալատի խորհրդի անդամների ընտրությունների քվեաթերթիկների և ընտրողների ցուցակների տպագրությունը, որին ներկա են գտնվել Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը, Հաշվիչ հանձնաժողովի քարտուղար Իրինա Փիլոյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ անդամ Նելլի Հարությունյանը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության ավագ իրավաբան Արման Խաչատրյանը:
Ըստ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանի՝ քվեաթերթիկների տպագրության գործընթացին որևէ թեկնածու կամ թեկնածուի վստահված անձ ներկա չեն եղել: Տպագրվել է 1418 հատ քվեաթերթիկ, որոնք կնքվել են և Հաշվիչ հանձնաժողովի կնիքի հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում, որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով փակվել է: