Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի ղեկավարը ԵՄ-ի երկրներին կոչ է արել Ռումինիային և Բուլղարիային անհապաղ ընդունել Շենգեն գոտի

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիության երկրներին կոչ է արել անհապաղ Ռումինիային և Բուլղարիային ընդունել Շենգեն գոտի: Ֆոն դեր Լայենը թեմային անդրադարձել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում՝ «Եվրամիության իրավիճակը» թեմայով իր ամենամյա ելույթում։

«Ես կցանկանայի հատկապես շնորհակալություն հայտնել Բուլղարիային և Ռումինիային այն բանի համար, որ նրանք լավ օրինակ են ծառայում՝ ցույց տալով ապաստան տրամադրելու և հայրենադարձության ոլորտում լավագույն փորձը: Նրանք ապացուցել են, որ Բուլղարիան և Ռումինիան մեր Շենգեն գոտու մաս են հանդիսանում: Այսպիսով, եկեք, վերջապես, թույլ տանք ներս թողնել նրանց՝ առանց հետագա ձգձգումների», – Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Դրա հետ մեկտեղ ԵՀ ղեկավարն անդրադարձել է անօրինական միգրացիայի խնդրին։

«Մենք սերտորեն համագործակցում ենք Արևմտյան Բալկանների մեր գործընկերների հետ և կրճատել ենք անօրինական միգրացիայի հոսքերը: Մենք գործընկերություն ենք սկսել Թունիսի հետ, ինչը փոխշահավետ է։ Եվ այժմ ցանկանում ենք մյուս երկրների հետ աշխատել նմանատիպ համաձայնագրերի վրա», – ասել է ֆոն դեր Լայենը:

2022 թ. դեկտեմբերի 8-ին Բրյուսելում ԵՄ ներքին գործերի և արդարադատության խորհրդի նիստում Շենգեն գոտուն միանալու Ռումինիայի և Բուլղարիայի հայտերը մերժվել էին Ավստրիայի և Նիդերլանդների քվեարկությամբ։ Միևնույն ժամանակ ԵՄ երկրները հավանություն էին տվել Շենգեն գոտուն Խորվաթիայի միանալուն։ Շենգեն գոտու մեջ մտնող երկրների քաղաքացիների համար վերացվել է այցագրային հսկողությունը ներքին սահմաններում։ Ներկայում այդ գոտու մեջ մտնում է 26 երկիր, որոնցից 22-ը Եվրամիության անդամ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս