Ինչո՞ւ է Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել Շիրակի մարզպետ
Պարզաբանում է Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանը
– Պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած քաղաքային համայնքում նախագահական ընտրություններին ՀՀԿ թեկնածուն պարտություն կրեց, և հաղթեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչո՞վ եք պայմանավորում Ձեր կուսակցության թեկնածուի պարտությունն Արթիկում:
– Որպեսզի իրադարձություններն ավելի պարզ դառնան իրենց էությամբ և բովանդակությամբ, թե ի՞նչ է տեղի ունեցել, ասեմ, որ նախագահական բոլոր ընտրությունների ժամանակ Արթիկ քաղաքի մասնակցությունն ու տոկոսային հարաբերությունը, իշխանության թեկնածուի ձայների քանակը միշտ տատանվել է 3000-3200-ի շրջանակներում` 10.000 մասնակցողների պարագայում` և՛ 96թ., և՛ 98թ., և՛ 2003թ., և՛ 2008թ.: Այսինքն`առաջին փուլում գործող նախագահը միշտ ստացել է 3000 ձայն: Այս ընտրություններին մենք, այսինքն` Հայաստանի հանրապետական կուսակցությունն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ստացավ 4000 ձայն, այսինքն` 1000 ձայնով արդեն ավելին էր:
– Այսինքն` ինչպե՞ս կբացատեք այդ ցուցանիշը:
– Նախկինում ներդրումների, ինչ-որ աշխատանքների իմաստով՝ Արթիկը միշտ անմասն էր մնում Շիրակի մարզում, դե պարզ էր, ավելի հիվանդ «ավագ» եղբոր, խոսքը Գյումրիի մասին է, ավելի կարիքավոր, ավելի բազմաբնույթ խնդիրներով՝ բոլոր ֆինանսական ռեսուրսներն ուղղվում էին Գյումրիին, բայց վերջին 3 տարիների ընթացքում ստացվեց այնպես, որ Արթիկում կատարվեցին 500 մլն դրամի ներդրումներ` «Հրատապ օգնություն համայնքներին» ծրագրի շրջանակներում, որը 2 անգամ ավելին էր, քան նախորդ 10 տարիների ընթացքում էր կատարվել: Եթե ուշադիր լինեք, քաղաքում շրջեք, կտեսնեք, որ ճանապարհների վիճակն ավելի նորմալ է, կտուրները վերականգնված են, իսկ նախկինում ահավոր վիճակ էր, 4-5 օր առաջ դեռևս չվերականգնված կտուրներից մեկը նստեց, երեկ (մարտի 7-ին է արվել հարցազրույցը.- Մ.Մ.) նորից փլուզում եղավ՝ չվերականգնված շենքի հետ կապված, այսինքն`խնդիրներն արդեն այնքան են հասունացել և բազմաբնույթ դարձել, որ, փաստորեն, այդ խնդիրներն առկա էին և կային: Հիմա այդ ներդրումները` այդ քանակի և ծավալի, կատարվել են, բայց ստացվում է, որ անբավարար են, երևի մենք ավելի շատ ենք ուշադրություն ուզում:
– Ըստ Ձեզ` Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականը պայմանավորված էր նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի «վատ» աշխատանքո՞վ, Սերժ Սարգսյանի ստացած քիչ ձայներո՞վ: Երկու շաբաթ է՝ մարզն առանց մարզպետի է: Դժվա՞ր չէ:
– Եթե ասեմ, որ մարզպետի բացակայությունը չի զգացվում, ճիշտ չէր լինի: Բացակայությունը զգացվում է, բայց մարզի քաղաքների, կոնկրետ՝ քաղաքապետարանների գործունեությանն առնչվելու հարցերում չեմ զգացել, որ ինչ-որ բանով տուժված լինենք, որովհետև 2 շաբաթն այդքան տևական ժամանակահատված չէ: Նշեմ, որ Ազգային անվտանգության պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը Կառավարության որոշմամբ այսօր նշանակվել է Շիրակի մարզպետ:
– Իսկ ինչո՞ւ նրան նշանակեցին: Դուք` որպես Շիրակի բնակիչ, ինչո՞վ եք պայմանավորում այդ հանգամանքը:
– Ինքը ծնունդով Շիրակի մարզից է, և երևի թե կկարողանա ավելի հասու, ավելի մոտ լինել մարզի խնդիրներին, հոգով ընկալելով այդ խնդիրները և ավելի արդյունավետ աշխատելով:
– Իսկ պարոն Գիզիրյանը հոգո՞վ չէր ընկալում այդ խնդիրները:
– Պարոն Գիզիրյանը ծնունդով Շիրակից չէ, բայց ինքն իրեն համարում էր նաև արթիկցի, որտեղ սկսել էր իր գործունեությունը, և հենց պարոն Գիզիրյանի հոգով և իր ամբողջ էությամբ նվիրումի խնդիրն էր, որ նա հրաժարական տվեց: Համոզված եմ` դա իր անձնական որոշումն էր, և իր անձնական բավարարվածությունն իր աշխատանքից, չնայած՝ կոնկրետ ես և Արթիկի ազգաբնակչությունը, և Շիրակի բնակչությունը գնահատում են, որ ինքը լավ է աշխատել, նույնիսկ առավել քան լավ, բայց այդ որոշումը, կրկնում եմ, իր անձնական որոշումն է, երևի իր աշխատանքից բավարարված չէր, ընտրությունները ոնց որ ինքը համարեց իր աշխատանքի գնահատանքը, որը, կարծում եմ, որ իր կողմից` որպես մոտեցում, ճիշտ չէր, որովհետև նա լավ էր աշխատել, և իսկապես, հոգով-սրտով նվիրված էր մարզին: