Ադրբեջանը ՆԱՏՕ-ի ճանապարհին ունի լրջագույն խոչընդոտներ՝ Արցախը և ՀՀ հետ տարածքային վեճերը
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրենը՝ Ֆյոդոր Վոյտոլովսկին, այն կարծիքին է, որ Հայաստանը եղել և մնում է ՌԴ դաշնակիցը, ՀԱՊԿ անդամ, և, որ ՆԱՏՕ-ի համար մեր տարածաշրջանում ավելի հետաքրքիր են Վրաստանն ու Ադրբեջանը:
«Ադրբեջանը՝ որպես ՆԱՏՕ-ի պոտենցիալ անդամ, ՆԱՏՕ-ի և Հավաքական Արևմուտքի համար ավելի հետաքրքիր է և՛ ռազմական, և՛ տրանսպորտային, լոգիստիկ առումներով, և՛ Ադրբեջանի ունեցած ռեսուրսների»,- այսօր «ՀՀ-ՆԱՏՕ. մարտահրավե՞ր, թե՞ հնարավորություն տարածաշրջանային անվտանգության համար» թեմայով քննարկման ժամանակ ասաց նա:
Նա ընդգծեց. «Ադրբեջանը ՆԱՏՕ-ի ճանապարհին ունի լրջագույն խոչընդոտներ՝ Արցախը և ՀՀ-ի հետ տարածքային վեճերը: Հասկանալի է՝ որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը կարողանան ապահովել Ադրբեջանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին, Ադրբեջանի համար անհրաժեշտ է լուծել տարածքային խնդիրները և վիճելի հարցերը Հայաստանի հետ: Եթե այդ տարածքային հարցերը լուծվեն հօգուտ Ադրբեջանի, ապա դա կբացի հնարավորություն՝ Հյուսիսատլանտյան դաշինքում Ադրբեջանի ավելի խորը ինտեգրացիայի համար:
Մենք գիտենք, որ ԱՄՆ դեմոկրատական ադմինիստրացիան պարբերաբար փոխում է իր դիրքորոշումն Ադրբեջանի վերաբերյալ, բայց երբ նայենք հանրապետական ուղեղային կենտրոնների հրապարակումները, կտեսնենք, որ հանրապետականներն այդ հարցում ավելի պրագմատիկ մոտեցում ունեն և հաշվի են առնում Ադրբեջանի ռեսուրսները, ռազմական պոտենցիալը, հնարավորությունները՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար: Հայաստանին հույս ունեն ավելի ուշ ստանալ: Դեմոկրատներն ավելի ճկուն դիրքորոշում ունեն, բայց իրականում դեմոկրատները պատրաստ են փակել աչքերն Ադրբեջանի գործողությունների վրա, այնպես, ինչպես դա անում էին հանրապետականները: Նրանց չեն հետաքրքրում Հայաստանը, նրա ճակատագիրը և հետագա զարգացումները»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում